Գյումրիի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել

Գյումրիի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներում սկսվել են մարտական պատրաստության վարժանքներ: Վարժանքներին մասնակցում են Գյումրիի ռազմակայանի և Երևանի զինվորական կայազորների բոլոր ստորաբաժանումները:

Վարժանքներն անցնում են բարձրլեռնային «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Լեռնային պայմաններում 30 կմ և 100 կմ տարածության վրա վարորդները կատարելու են էքստրեմալ վարելու նորմատիվները` պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Զինծառայողները ստորաբաժանումների կազմում կվարժվեն ցամաքից և օդից հակառակորդի գրոհները կասեցնելու, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման գործում:

Նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները կկատարեն նյութական միջոցների, սպառազինության բեռնման և տեղափոխման, ինչպես նաև շարքից դուրս եկած ռազմատեխնիկայի տարհանման և վերանորոգման առաջադրանքները:

Հաշվի առնելով խիստ կլիմայական պայմանները, վարժանքների անցկացման վայրերում կտեղակայվեն հատուկ կետեր, որտեղ զինծառայողները կկարողանան տաքանալ, նրանք նաև լրացուցիչ սնունդ կստանան` այդ թվում տաք թեյ: Հիվանդությունները կանխելու նպատակով զինծառայողները գտնվում են ռազմական բժիշկների մշտական հսկողության տակ:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995 թ-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով:

2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---