ՌԴ անասնաբուժության պատվիրակությունը ՀՀ-ում է. Քննարկվում է դաբաղի կանխարգելումը

ՌԴ անասնաբուժության պատվիրակությունը ՀՀ-ում է. Քննարկվում է դաբաղի կանխարգելումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգութան ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ, հունվարի 26-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան:

Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ և քննարկել հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը, մասնավորապես կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների՝ այդ թվում դաբաղի կանխարգելմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվել է դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող պատվաստանյութի ձեռքբերման և հնարավորինս արագ պատվաստումներն իրականացնելու հարցը՝ հարևան երկրներում տարածված վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

Հունվարի 22-ին տեղեկատվություն է տարածվել, որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ժամանակավոր սահմանափակումը գործում է հունվարի 20-ից: Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։ Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։ Ռոսսելխոզնադզոր»-ի փաստաթղթում նշված է, որ այդ ապրանքները Ռուսաստանի տարածքով տարանցիկ տեղափոխելը ևս արգելվում է։

ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 26-ին պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետությունից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ:

«Հաշվի առնելով ԶԼՄ-երով տարածված թյուր տեղեկատվությունը, որ Ռոսսելխոզնադզորի կողմից կիրառվել են ՀՀ-ից կաթնամթերքի արտահանման սահմանափակումներ, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ նշված սահմանափակումները չեն տարածվում ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի ներմուծման վրա: Հարկ է նշել, որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ նմանատիպ սահմանափակումները գործել են նաև նախկինում»:

Վլասովը վերահաստատել է, որ ժամանակավոր արգելքը կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառում է, որը կիրառվում է միջազգային չափանիշներին համահունչ՝ Կենդաների առողջության համաշխարհային կազմակերպության սկզբունքներով, և որ այն չի սահմանափակում վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի արտահանումը ՌԴ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ գործակցության ուղղությունները, արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, կողմերը նախանշել են համատեղ ծրագրերի ոլորտները: Դաշնային ծառայության ներկայացուցիչներն ացելել են նաև «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ: ԵՏՄ անդամակցության շրջանակներում ՀՀ և ՌԴ Կառավարությունների միջև ստորագրված տեխնիկական և ֆինանսական աջակցության համաձայնագրով գիտական այս կենտրոնի վերանորոգմանն ու վերազինմանը կուղղվի 5.8 մլն դոլար: ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության մասնագետներն այցի շրջանակներում գնահատեցին ՊՈԱԿ-ի տեխնիկական հնարավորությունները, որի արդյունքում էլ կկազմվի հետագա աշխատանքային ծրագիրը: Ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագիրը կավարտվի 2017-ի վերջին:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում դաբաղ հիվանդության տարածմանը և դրա հետևանքով ՌԴ-ի կողմից Հայաստանից արտահանվող մսամթերքի վրա ժամանակավոր արգելք դնելուն, հայտնել է, որ օդակաթիլային ճանապարհով հիվանդությունը Հայաստան է ներթափանցել Թուրքիայից, սակայն գրանցվել է դաբաղի մեկ դեպք՝ Արմավիրի մարզի Արազափ համայնքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---