8 հունվարի 2007 - 17:17 AMT
Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի եւ ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումների գլխավոր թեմաներից է
Թուրքիա - Միացյալ Նահանգներ հարաբերություններում կիզակետում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ մոտակա քննարկումներն են: Այդ մասին գրում է թուրքական «Ռադիկալ» թերթը: Ներկա դրությամբ, թուրք եւ ամերիկացի պաշտոնյաների բարձրաստիճան հանդիպումներում կարեւոր տեղ են զբաղեցնում Իրաքը, Իրանը եւ, հատկապես, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը: Եթե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին նախկինում հաջողվում էր Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահին համոզել քննարկման չդնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, ապա դեմոկրատների հաղթանակից հետո պալատի նախագահ ընտրված Նենսի Փելոսին դժվար թե ենթարկվի Բուշի ճնշումներին, գրում է «Ռադիկալը»: Այսպիսով, Ներկայացուցիչների պալատի կողմից հայկական օրինագծի ընդունման հավանականությունը խիստ բարձր է: Ամերիկյան կառավարությունն այժմ հաշվարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիայի անելիքները եւ ԱՄՆ-ի շահերին հասցվելիք վնասները, հաղորդում է «Երկիր» թերթը: