Ավետիսյանների սպանության գործով 4-րդ նիստն էր. Հարցաքննվել են վկաները (թարմացված)

Ավետիսյանների սպանության գործով 4-րդ նիստն էր. Հարցաքննվել են վկաները (թարմացված)

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում հունվարի 29-ին մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով չորրորդ դատական նիստը։

Հունվարի 22-ին ընթանում էր Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը, որի ընթացքում դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը, որից հետո դատավորը հարցրել է ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, թե հասկանալի՞ է մեղադրանքի էությունը, բովանդակությունը, որին վերջինս դրական պատասխան է տվել:

«Դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք» դատավորի հարցին Պերմյակովը կրկին դրական է պատասխանել: Իսկ հարցին, թե կոնկրետ ինչո՞ւմ է իրեն մեղավոր ճանաչում, նա պատասխանել է. «ամեն ինչում»:

Հունվարի 29-ին մեկնարկած դատավարությունը 2 րոպեով ընդմիջվել է. գործով վկա Լուսինե Ավետիսյանը՝ Ավետիսյանների դուստրը, ով պետք է հարցաքննվեր, իրեն լավ չէր զգում, և դատարանին միջնորդվել է, որ հրապարակվի իր նախաքննական ցուցմունքը: Դատարանում գործի հատորից այդ ցուցմունքն առանձնացնելու համար ժամանակ է պահանջվել:

Ցուցմունքն ընթերցել է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանը, գրում է Tert.am-ը:

Ըստ ցուցմունքի՝ սովորության համաձայն՝ Լուսինե Ավետիսյանն ամեն առավոտ Երևանից զանգահարել և խոսել է ընտանիքի անդամների հետ։ Նշված օրը` 2015-ի հունվարի 12-ին, ժամը 10-ի մոտակայքում զանգահարել է հորը, սակայն նրա երկու համարներն էլ անհասանելի են եղել, հետո զանգել է եղբորը` Արմենին, սակայն նա ևս չի պատասխանել։ Հետո իրեն զանգահարել է իր բարեկամներից մեկը և խնդրել Լուսինեի ամուսնու հեռախոսահամարը: Ամուսինը քիչ հետո տուն է եկել և կնոջ անհանգստացած հարցերին ի պատասխան` ասել է, որ ամեն ինչ նորմալ է: Իսկ ընտանիքի սպանության մասին տեղեկացել է հեռուստատեսությամբ:

Նա նաև հավելել է, որ ռուսական ռազմաբազայի հետ որևէ կապ չեն ունեցել, Վալերի Պերմյակովին չի ճանաչել, սակայն կարծիք է հայտնել, որ նա միայնակ չէր կարող գործել, քանի որ վստահ է, որ հայ տղամարդը՝ իր եղբայրն ու հայրը կձեռնարկեին քայլեր, որպեսզի պաշտպանեին ընտանիքը:

«Իմ ընտանիքը եղել է շատ համեստ, արդար վաստակով ապրող մարդիկ են եղել, որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չեն եղել»,-նշել է Ավետիսյանների դուստրը:

Ավետիսյանի նախաքննական ցուցմունքից հետո ամբաստանյալ Վալերի Պերմյակովին նախագահողը հարցրել է ՝ հարցեր ունի՞, ինչին նա բացասական պատասխան է տվել:

Ավետիսյանների սպանության գործով դատաքննության առաջին վկայի հարցաքննությունից հետո դատաքննական կարգով պետք է հարցաքննվեր տուժողի իրավահաջորդ Գևորգ Եփրեմի Ադամյանը, ով, ինչպես և Լուսինե Ավետիսյանը հայտարարել է, որ պարաստ չէ դատարանում ցուցմունք տալ ու առաջարկվել է հրապարակել իր նախաքննական ցուցմունքը:

Հունվարի 15-ին հենց Գևորգ Ադամյանն է գնացել Ավետիսյանների` Երևանում ամուսնացած դստեր՝ Լուսինեի մոտ և առաջարկել գնալ Գյումրի, երբ տեղեկացված է եղել ընտանիքի սպանության մասին:

Լուսինե Ավետիսյանի ամուսինը՝ Իգոր Ադամյանը ևս ի վիճակի չէր ցուցմունք տալու, դատարանը հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը: Վերջինս իր ցուցմունքում նշում է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին լսել է կնոջ քրոջ ամուսնուց, որը զանգահարել է իրեն ու տեղեկացրել, որ բոլորին սպանել են, ինքն էլ կնոջ հետ եկել է Ողջի, իհարկե կնոջը ճանապարհին չի տեղեկացրել, որ ընտանիքը սպանված է:

Ադամյանն ասել է, որ Ավետիսյանները համեստ ընտանիք էին, որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չեն ունեցել: Իր ցուցմունքում նա նաև նշել է, որ Պերմյակովին չի ճանաչում, սակայն չի կարծում, որ նա մենակ է կատարել սպանությունները, գրում է Aravot.am-ը:

Դատարանը լսել է նաև Ավետիսյանների մյուս դստերը՝ Անահիտ Կոշտոյանին, որն ամուսնացած է Ողջի գյուղում: Վերջինս ևս վատ էր զգում: Դատարանը որոշել է հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Նա ևս նշել է, որ Պերմյակովի հետ ոչ մի շփում չեն ունեցել, զորամասի հետ որևէ առնչություն չեն ունեցել, չի հիշում որևէ դեպք, երբ որևէ մեկը ապօրինի փորձեր մուտք գործել իրենց կամ հարևանների տուն:

Գործով վկաների՝ Ավետիսյանների ընտանիքի հարևանների հարցաքննությունից հետո, դատավոր Հարություն Մովսիսյանն ընթերցել է ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը, գրում է Aysor.am-ը:

Դրանում նշվում է՝ Պերմյակովի գործով որպես վկա ընդգրկված 6 ռուս զինծառայող արդեն ավարտել է իր զինծառայությունն ու զորացրվել:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Վալերի Պերմյակովը արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---