29 հունվարի 2016 - 14:34 AMT
Քուրդ զինյալները դիրքավորվել են Դիարբեքիրի հայկական եկեղեցում ու կրակ բացել

Քրդական բանվորական կուսակցության մարտիկները դիրքավորվել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում և այնտեղից կրակ բացել թուրք զինվորների վրա, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, գրում է Akunq.net-ը:

Քուրդ մարտիկները, թունել փորելով, թափանցել են հայկական պատմական եկեղեցի և այնտեղից կրակ բացել, որի հետևանքով սպանվել են 3 զինվոր և 1 ոստիկան: Վիրավորվել են 6 զինվոր, Akunq.net-ին հղումով գրում է «Անի» հայկական ուսումնասիրությունների կենտրոնը:

Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011-ի հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին: Սուրբ Կիրակոսի վերանորոգումն իրականացվել է դիարբեքիրցի հայերի, սփյուռքահայերի և Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ: Սբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:

Եկեղեցին, սակայն վերջին ամիսներին փակվել էր` պայմանավորված թուրք-քրդական բախումներով, որոնց հետևանքով կոտրվել են եկեղեցու պատուհանները, իսկ պատերին նկատելի են կրակած փամփուշտների տեղերը։

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում ավելի վաղ հայտարարված պարետային ժամը թուրք-քրդական չդադարող բախումների պատճառով ընդլայնվել է՝ ներառելով մեկ պողոտա ևս: Նախկինում պարետային ժամ հայտարարված Աբդալդեբե, Ալիփաշա, Լալեբեյ, Սուլեյման Նազիֆ և Զիյա Գյոքալփ թաղամասերից բացի հունվարի 27-ին առավոտյան պարետային ժամ է հայտարարվել նաև Մելիքահմեթ պողոտայում:

Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: