ԶԼՄ-ներ. «Գազպրոմը» չեղարկել է Թուրքիայի համար գործող զեղչերը

ԶԼՄ-ներ. «Գազպրոմը» չեղարկել է Թուրքիայի համար գործող զեղչերը

PanARMENIAN.Net - Ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը չեղարկել է գազի համար գործող 10,25% զեղչը 6 թուրքական ընկերությունների համար, որոնց բաժին էր ընկնում մինչև 10 մլրդ խմ գազ: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը թուրքական ընկերությունների վրա հղումով:

«Գազպրոմի» ներկայացուցիչները հայտարարել են, որ զեղչը կարող է վերականգնվել միայն ՌԴ և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների վերականգնումից հետո:

«Գազպրոմը» թուրքական ԶԼՄ-ների այս հաղորդագրությունը դեռ չի մեկնաբանել: Սակայն ռուսական կողմի աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ բանակցություններն այս հարցի շուրջ դեռ ընթանում են, վերջնական որոշում զեղչերի երկարացման կամ չեղարկման մասին դեռ չկա, հայտնում է ՌԻԱ Նովոստին

Թուրքիան ռուսական գազը գնում էր $380 1000 խմ դիմաց, ՌԴ-ն առաքում է այդ երկրում սպառվող գազի 43-46%-ը: 2015-ի մայիսին Ռուսաստանը նոր զեղչ սահմանեց` նվազեցնելով գինը մինչև $260 1000 խմ դիմաց: ՌԴ-ն նաև հայտարարել էր «Թուրքական հոսք» գազամուղը կառուցելու մասին:

Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ «Թուրքական հոսք» գազատարը պետք է սկիզբ առներ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մերձակայքում գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանից, հետագայում անցնելով Սև ծովի հատակով և թուրքական ափ դուրս գալով Քայաքյոյ բնակավայրի մոտ: Գազատարի ցամաքային հատվածի ընդհանուր երկարությունը պետք է կազմեր 180 կիլոմետր: Հատելով Թուրքիայի ամբողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս էր գալու Հունաստանին սահմանակից շրջան` Էփսիլի քաղաքի մոտ: Նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի կործանումից հետո, սակայն, Անկարայի և Մոսկվայի միջև իրականացվող բոլոր երկկողմ ծրագրերի, այդ թվում՝ «Թուրքական հոսք»-ի շուրջ աշխատանքները դադարեցվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---