9 հունվարի 2007 - 14:46 AMT
Վ. Օսկանյան. Երեւանը պատրաստ է Իրան-Հայաստան գազամուղի շահագործմանը
Ինչպես եւ ենթադրվում էր, Իրան-Հայաստան գազամուղը կսկսի գործել 2007 թվականի մարտին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ֆիզիկապես գազամուղը պատրաստ է, սակայն այն պետք է փորձարկվի, վերացնելու համար եղած թերությունները: «Գազամուղը շահագործման կհանձնվի ժամանակին: Ինչ վերաբերում է իրանական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանը պատրաստ չէ գազամուղի շահագործմանը, ես դրանք ճիշտ չեմ համարում»,-ընդգծել է Օսկանյանը:
Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ հաշվետու տարին եղել է հայ-իրանական հարաբերությունների վերընթաց զարգացման շրջան: Հուլիսին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Թեհրան: Հայ-իրանական տնտեսական կապերն իրենց մեջ ներառում են նաեւ տարածաշրջանային համագործակցության տարրեր: Այդ առումով կարեւոր է 2006թ. «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրին Հայաստանի միանալը: Այդ նույն համատեքստում աշնանը Երեւանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկայի նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները դասվում են տարվա կարեւոր ձեռքբերումների շարքին»,-ասել է Օսկանյանը:
Նա նաեւ նշել է, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ զգալիորեն բարելավվել են Մեղրիի անցակետի աշխատանքները: Օրակարգում է Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հարցը: