9 հունվարի 2007 - 14:58 AMT
2006 թվականը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով կարելի է բնութագրել որպես դրական տարի
Վերջին մի քանի տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են «Պրահյան գործընթացի» շրջանակում: Ինչպես նշվում է Հայաստանի արտգործնախարարության տարեկան հաշվետվությունում, այս ժամանակահատվածում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, ինչպես նախագահների, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով, որոնց ընթացքում քննարկվել են խնդրի կարգավորման ուղիները: 2006 թվականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի զարգացումը կարելի է գնահատել դրական. այն ապահովել է որոշակի առաջընթաց: 2006 թվականը կրկին անգամ հաստատեց, որ հակամարտության կարգավորման հիմքը խաղաղ միջոցներով փոխզիջումային ճանապարհն է : Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մնում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների առանցքում, ինչն իր արտացոլումն է գտել սեղանին դրված հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ քննարկվող փաստաթղթում: Մեկ տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են այցելել յոթ անգամ, որից չորսը բոլոր համանախագահների մասնակցությամբ: Բացի այդ, համանախագահները բազմիցս հանդիպել են կողմերի ներկայացուցիչների հետ նաեւ տարածաշրջանից դուրս:

Փետրվարին Ռամբույեում (Ֆրանսիա) եւ հունիսին Բուխարեստում (Ռումինիա) բանակցություններ կայացան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Հունիսին Փարիզում կայացան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, որը կարելի է համարել Բուխարեստից հետո կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված առաջին քայլը: Հունիսին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ Մշտական Խորհրդին ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վիճակը գնահատող զեկույց, որը ներառում էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳ նախարարների միջեւ վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած հանդիպումները: Հոկտեմբեր ամսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկու հանդիպումներ (Մոսկվա, Փարիզ) : Բանակցությունների ժամանակ քննարկվեցին համանախագահների կողմից առաջարկված նոր գաղափարներն ու մոտեցումները: Կողմերի դիրքորոշումների լրացուցիչ ճշգրտման համար ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն անցկացրեցին եւս մեկ հանդիպում նոյեմբերին Բրյուսելում, որին հետեւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:

Նոյեմբերին Մինսկում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում երկու նախագահների միջեւ տեղի ունեցած բանակցությունները կողմերն ընդհանուր առմամբ գնահատել են իբրեւ դրական եւ կառուցողական, ինչպես մթնոլորտի, այնպես էլ կողմերի մոտեցումների առումով: Քննարկվել են կարգավորմանն առնչվող դեռեւս համաձայնեցման փուլում գտնվող որոշ սկզբունքներ: Որոշվել է, որ կողմերի դիրքորոշումների վերլուծումից հետո, կոնկրետ հանձնարարականներ տալ արտգործնախարարներին` հետագա անելիքների կապակցությամբ: