9 հունվարի 2007 - 15:28 AMT
Ղարաբաղն ապացուցեց, որ հետագայում եւս առաջնորդվելու է ժողովրդավարական սկզբունքներով
Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի շուրջ միջազգային անդրադարձներից կարելի է առանձնացնել հուլիսին Մեծ ութնյակի հայտարարությունը եւ նոյեմբերին Բրյուսելում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում ընդունված հայտարարությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության 2006 թվականի տերական հաշվետվության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ «Միջազգային հանրությունն իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Միաժամանակ կողմերին կոչ է արվել բաց չթողնել առաջընթացի ձեռքբերման հնարավորությունը, ողջունել են Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների ներկայիս փուլը եւ կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կրկնապատկել ջանքերը հիմնական սկզբունքները համաձայնեցնելու համար:

Նոյեմբերին Բրյուսելում Եվրոպական միության Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Նոր հարեւանության քաղաքականության շրջանակում ստորագրած Գործողությունների ծրագրերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը նշված է իբրեւ առաջնային ուղղություն, իսկ այդ գործընթացին ԵՄ ավանդի ներդնումը նախատեսված է մի շարք միջոցառումների իրականացման միջոցով:

Դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որպես իր կամքի ազատ արտահայտման դրսեւորում կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունմանը` համաժողովրդական հարաքվեով: Անկախ պետականության հիմքերի ամրապնդման նպատակով Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդի հանձնառությունը մեկ անգամ եւս ապացույցն է այն բանի, որ հետագայում էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը առաջնորդվելու է իր կողմից ստանձնած ժողովրդավարական սկզբունքներով եւ արժեքներով` հավատարիմ մնալով միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն հակամարտության խաղաղ կարգավորման ձգտմանը:

Չնայած Պրահյան գործընթացում նկատվող դրական միտումներին ու բանակցությունները շարունակելու մասին կողմերի հանձնառություններին, Ադրբեջանը 2006թ. ընթացքում շարունակել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը այլ միջազգային կառույցներ տեղափոխելու իր ջանքերը (մասնավորապես ՄԱԿ-ում ՎՈԻԱՄ նախաձեռնությամբ սառեցված հակամարտությունների հարցի ներառումը Գլխավոր Ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում), Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում հրդեհների խնդրի շահարկումները ՄԱԿ-ում եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում, ինչպես նաեւ ռազմատենչ եւ բանակցությունների տառին ու ոգուն հակասող հայտարարությունները»: