2006 թվականին ամերիկյան ուղղակի աջակցությունը Հայաստանին կազմել է $76 մլն.

PanARMENIAN.Net - 2006թ. ամերիկյան ուղղակի աջակցությունը Հայաստանին կազմել է $76 մլն., իսկ Լեռնային Ղարաբաղին` $3 մլն. ԱՄՆ դոլար: Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հարցում այս տարի կրկին պահպանվել է պարիտետային սկզբունքը (յուրաքանչյուրին` 3,5 մլն. ԱՄՆ դոլար:) Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ 2006 թվականի հաշվետվության մեջ: Փաստաթղթում ընդգծվում է, որ տարվա կարեւորագույն իրադարձություններից էր մարտին Վաշինգտոնում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ ստորագրված համաձայնագիրը, ըստ որի Հայաստանին հատկացվելու է $236 մլն. ԱՄՆ դոլար` տնտեսական աճի խթանման եւ աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա հինգ տարիների ընթացքում: Դեկտեմբերին ԱՄՆ կառավարությունը ՀՀ կառավարությանն է փոխանցել առաջին չափաբաժինը (1,4 մլն. ԱՄՆ դոլար):

«Տարվա ընթացքում կայացել են բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ Հայաստան. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործառությունների ենթահանձնաժողովի նախագահ Ջիմ Քոլբի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: Մարտին ՀՀ արտգործնախարարի Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ են կայացել ԱՄՆ Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի, Եվրոպական եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Դ. Ֆրիդի եւ Եվրոպական ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Մ. Բրայզայի հետ»,- նշվում է հաշվետվության մեջ: Հիշտակվում է նաեւ, որ հուլիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած թիվ 5068 բանաձեւը «Էքսպորտ-իմպորտ» բանկին արգելել է ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցմանը:



«Հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների առավել կանոնակարգման առումով կարեւորվում է ԱՄՆ-ի հետ երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի կնքումը եւ Արտոնությունների ընդհանուր համակարգի շրջանակներում ՀՀ-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնումը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ տարեական հաշվետվության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---