Բրազիլիան խորհուրդ չի տալիս հղիներին այցելել Օլիմպիադա-2016

Բրազիլիան խորհուրդ չի տալիս հղիներին այցելել Օլիմպիադա-2016

PanARMENIAN.Net - Բրազիլիայի իշխանությունները կոչ են անում հղի կանանց զերծ մնալ 2016-ի ամռանը Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերն այցելելուց` Զիկայի վիրուսի պատճառով: Այսպիսի հայտարարություն է արել Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ժակ Վագները:

Ավելի վաղ Վագները հայտարարել էր, որ Զիկայի վիրուսի տարածման պատճառով ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը չի վտանգվի:

«Հղիների համար կա ռիսկ, ես այն լուրջ եմ համարում: Ակնհայտորեն աննպատակահարմար է հղիների համար ընդունել այդ ռիսկն ու մեկնել օգոստոսին Ռիո դը Ժանեյրո»,-ասել է Վագները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օլիմպիական խաղերը կայանալու են օգոստոսի 5-21-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկայի վիրուսի հետ կապված գլոբալ արտակարգ իրավիճակ է հայտարարել, քանի որ հիվանդությունն արագ տարածվում է` բնածին արատների հազարավոր դեպքեր են գրանցվել Բրազիլիայում:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել էր, որ ՄՕԿ-ը հատուկ հիշեցման թերթիկ է թողարկել` մարզիկներին և Օլիմպիադայի հյուրերին Զիկայի վիրուսից պաշտպանելու համար:

Զիկայի հարուցիչն առաջին անգամ հայտնաբերվել է Ուրուգվայում, սակայն երբեք այսքան արագ չի տարածվել: Բրազիլիան առաջինը հայտնեց այդ վիրուսով վարակների մասին 2015-ի մայիսին: Վիրուսը տարածում են մոծակները:

2016-ին 3-4 մլն մարդ Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում կարող է վարակվել Զիկայի վիրուսով, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---