2 փետրվարի 2016 - 11:45 AMT
OCCRP. Ադրբեջանի ֆեոդալական համակարգն արևմտյան հարկատուներից օգնություն է սպասում

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման հետաքննական կենտրոնից (OCCRP) Թոմ Քինգը և Մարինա Բաուդերը նամակ են գրել The Financial Times թերթում՝ «Ադրբեջանի ֆեոդալ էլիտան օգնություն է փնտրում արևմտյան հարկատուների շրջանում» վերնագրով։

Նրանք հիշեցնում են The Financial Times-ի լրագրողների հրապարակած նյութն այն մասին, որ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը պատրաստվում են աջակցություն տրամադրել Ադրբեջանի տնտեսությանը: ԱՄՀ-ի թիմն այժմ «փաստեր հայտնաբերելու» առաքելություն է իրականացնում՝ Ադրբեջանի կառավարության խնդրանքով։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման հետաքննական կենտրոնում հետաքրքրված են, թե ինչ նոր «փաստեր» կարող են հայտնաբերվել, գրում է Tert.am-ը։

Տարիներ շարունակ կենտրոնի և այլ վայրերից հետաքննող լրագրողները հետևել են, թե ինչպես է Ադրբեջանի առաջին ընտանիքը և իրենց օգնականներն իշխում բիզնես վարելու ոչ թափանցիկ մեթոդներով և բռնակալ իշխանության չարաշահումներով։

Հեղինակները հիշեցնում են WikiLeaks-ում հայտնված Stratfor հետախուզական ընկերության հաղորդագրություններից մեկը, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանը ղեկավարվում է միջնադարյան ֆեոդալական համակարգի նման։

Նշվում է, որ Նավթի ցածր գները սպառնալիք են այս «հարմարավետությանը» և հասարակության կողմից բողոքի ալիք են առաջացրել։ Հեղինակները հիշեցնում են ճնշված հասարակության դեմ իշխանությունների թշնամությունը, ինչպես նաև յոթ տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Խադիջա Իսմայիլովայի և 100 այլ բանտարկված լրագրողների և ակտիվիստների մասին։

Նամակում նշվում է, որ արևմտյան հարկատուները պետք է ցնցված լինեն, որ նրանց խնդրում են կարգավորել միջնադարյան էլիտայի խնդիրները:

Նամակի հեղինակների կարծիքով՝ միակ մարդը, ով ուշացումով կարող է ապահովել Ադրբեջանի քաղաքացիների տնտեսական անվտանգությունը, դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։

Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը ազգային արժույթով և արտարժույթով Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն իջեցրել է՝ «BBB-»-ից (ներդրումային մակարդակի վերջին աստիճանից)՝ BB+ «աղբային» մակարդակ: Դա տեղի է ունեցել նավթի գների անկման ֆոնին: Գործակալությունից հայտնել են, որ իրենց գնահատականով Ադրբեջանի կառավարությունը բյուջեի դեֆիցիտ է գրանցելու մինչև 2018-ի ավարտը:

Նավթի գների անկումը ծանր կացություն է ստեծղել Ադրբեջանի տնտեսության ոլորտում: Նավթի գնանկումը համաշխարհային շուկայում անհրաժեշտություն է դարձնում տնտեսական ծրագրերի վերանայումն այդ երկրում:

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն արդեն վերանայել է ադրբեջանական 6 առաջատար բանկերի վարկանիշները` դեպի բացասական: Ըստ գործակալության հրապարակած հաղորդագրության` վերանայվել են VTB (Ադրբեջան), Bank of Baku, UniBank, XALQ BANK, Bank Respublika, Kapital Bank բանկերի վարկանիշները:

2015թ-ին ընդհանուր առմամբ Ադրբեջանի միջազգային պահուստները կրճատվել են 63%-ով՝ 13.7 մլրդ դոլարից հասնելով 5 մլրդի: Պահուստները շեշտակի անկումը պայմանավորված է մանաթի փոխարժեքը կայուն պահելուն միտված ԿԲ-ի քաղաքականությամբ: 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը:

Տարեսկզբին Ադրբեջանում նախորդ տարվա մեկնարկի համեմատ արդեն ավելի քան 25 000 աշխատատեղ է փակվել շինարարության ոլորտում:

Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը: