2 փետրվարի 2016 - 13:16 AMT
ԶԼՄ-ներ. Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի

Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի Էգեյան և Միջերկրական ծովերի ափին` երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման և ՌԴ հետ ճգնաժամի պատճառով, հայտնում է Zaman-ը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Օդաչուներից մեկին հաջողվել էր փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում` նրա ուղղությամբ կրակ են բացել ցամաքից: Շտուրման Մուրախտինին հաջողվեց փրկել: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա:

Պարբերականը նշում է, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտն այժմ վատթարագույն ճգնաժամի մեջ է: Որպես հյուրանոցների վաճառքի պատճառ թերթը նշում է տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների հոսքի նվազումը եվրոպական երկրներից և ամրագրումների չեղարկումը, ինչպես նաև հյուրանոցների սեփականատերերի պարտքերը բանկերին:

Հյուրանոցների համախառն արժեքը թերթը գնահատել է մոտ 30 մլրդ թուրքական լիրա` ավելի քան 10 մլրդ դոլար, իսկ տարողությունը կազմում է 153 հազար տեղ: Ամենից շատ է Անթալիայում վաճառվող հյուրանոցների քանակը` մոտ 410 հյուրանոց, որից 120-ը` 5-աստղանի:

Ինչպես նշել է անշարժ գույքի վաճառքով զբաղվող Իսմաիլ Օզերը, ավելի քան 100 զբոսաշրջային ընկերություն ցանկանում է դուրս գալ բիզնեսից:

«Ինքնաթիռի հետ կապված ճգնաժամը շատ մեծ ազդեցություն ունեցավ: Միայն Անթալիայում հյուրանոցները փակ են արդեն 4 ամիս, շատերը սնանկության եզրին են»,-հայտարարել է Անթալիայի հյուրանոցներից մեկի տնօրեն Աբդուրահման Ղարամանօղլուն:

«Կոնկրետ միայն Ռուսաստանից չի ժամանի մոտ 4,5 մլն զբոսաշրջիկ` դա տարեկան 4,5 մլրդ դոլարի կորուստ է»,-մեջբերում է թերթը Էգեյան ծովի հյուրանոցների ու զբոսաշրջային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մեհմեդ Իշլերը: Նա բողոքել է, թե Հունաստանը, օգտվելով առիթից, իր մոտ է հրավիրում զբոսաշրջիկներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ գերմանական Die Zeit-ը գրել է, որ զբոսաշրջությունը Թուրքիայում կորցրել է հիմնական հաճախորդներին, որի հետևանքներն աղետալի կլինեն երկրի տնտեսության համար: Անհաջողությունները, որ կուտակվել են զբոսաշրջային բիզնեսի վրա, կազդեն երկրի ամբողջ տնտեսության վրա: «Զբոսաշրջությունը Թուրքիայի տնտեսության շատ կարևոր մաս է և արտարժույթի հիմնական աղբյուրներից մեկը»,-ասում է Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերակցության մասնագետ Մարտինա Սիմոնը: