Հունվարին ծովով Եվրոպա է հասել մոտ 67.000 փախստական

Հունվարին ծովով Եվրոպա է հասել մոտ 67.000 փախստական

PanARMENIAN.Net - 2016-ի առաջին ամսում ծովով Եվրոպա հասած ներգաղթյալների ու փախստականների թիվը գերազանցել է 67.000-ը: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի ծառայությունը:

Ըստ կազմակերպության հրապարակած տվյալների, տարեսկզբից Եվրոպա է ժամանել 67.193 մարդ, որոնցից 62.000-ը՝ Հունաստան: Դեպի Եվրոպա ճանապարհին զոհվել է 368 մարդ:

ԵՄ Frontex սահմանապահ ծառայության վերջին տվյալներով, 2015-ի առաջին ինը ամսում Եվրամիություն է մուտք գործել 1,2 մլն ներգաղթյալ: Սահմաններին ժամանակավոր հսկողություն են հաստատել Գերմանիան, Ավստրիան, Ֆրանսիան, Շվեդիան, Դանիան և Նորվեգիան, որը ԵՄ անդամ չէ: Լիտվան ստանձնել է երկու տարում 1,1 հազար մարդ Սիրիայից, Իրաքից և Էրիթրեայից ընդունելու պարտավորությունն` առայժմ այդ երկիր է ժամանել մեկ ընտանիք Իրաքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եվրամիության երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարները Հաագայում արտահերթ հանդիպումից հետո դիմել են Եվրահանձնաժողովին` խնդրելով օրենսդրական միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտային իրենց երկրներին կասեցնել ներգաղթյալների հոսքը: Մասնավորապես, ԵՄ անդամ երկրները պահանջել են ավելի խիստ հսկողություն հաստատել իրենց պետական սահմաններին Ըստ գործող կանոնների, Շենգենի գոտու անդամ հանդիսացող երկիրն իրավունք ունի փակելու իր սահմանները մինչև 6 ամիս ժամկետով, սակայն Հաագայում նախարարները խոսել են այդ ժամկետը մինչև 2 տարի երկարացնելու մասին: Եվրահանձնաժողովը կքննարկի հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---