10 հունվարի 2007 - 13:28 AMT
Սպիտակ տունը կրկին առաջադրել է Ռ.Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կրկին առաջադրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, երկուշաբթի Սպիտակ տանը հայտարարել են Ռ.Հոգլանդի թեկնածությունը կրկին առաջադրելու մասին` չնայած Դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամների կոչերին` հետ կանչել Հոգլանդի թեկնածությունը, քանի որ նա հրաժարվում է Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կոտորածները որակել ցեղասպանություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշենք, որ ըստ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անցկացրած հարցման, ԱՄՆ հայերի 97 տոկոսը դեմ է Ռիչարդ Հոգլանդի նշանակմանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Հարցման ենթարկվածների 94 տոկոսը հայտարարել է, որ «կտրականապես դեմ է» եւ 3 տոկոսը, որ «մասնակիորեն դեմ է» Հոգլանդի նշանակմանն այդ պաշտոնում: 1 տոկոսը` «մասնակիորեն համաձայն է» Հոգլանդի նշանակմանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում եւ 2 տոկոսը` լիովին հավանություն է տալիս Հոգլանդի թեկնածությանը: Հիշեցնենք, որ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը մերժվեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, քանի որ սենատոր Ռոբերտ Մենենդեսը արգելափակեց Հոգլանդի հաստատումը: Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին Սենատը կոչ արեց ԱՄՆ-ի նախագահին առաջադրել նոր թեկնածություն Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Բացասական վերաբերմունքը Ռիչարդ Հոգլանդի նշանակման հանդեպ պայմանավորված է այն փաստով, որ պատասխանելով 1915 թվականի իրադարձությունների մասին հարցին, դիվանագետը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: