5 փետրվարի 2016 - 10:41 AMT
Դավութօղլուն մեղադրել է ՌԴ-ին Սիրիայում «հանցավոր գործողությունների» մեջ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա: Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը «հանցավոր գործողություններ» է կատարում Սիրիայի տարածքում, հայտնում է Reuters գործակալությունը:

Փետրվարի 4-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «կան լուրջ հիմքեր կասկածելու, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական ներխուժման Սիրիայի տարածք»` նշելով ճշգրիտ հրետակոծությունները Լաթաքիայում, ինչպես նաև թուրքական տարածքում ՌԴ-ին դիտորդական թռիչքի իրականացման մերժումը:

Դավութօղլուն ասել է, որ «Թուրքիան իրավունք ունի ցանկացած միջոց ձեռնարկելու սեփական անվտանգությունն ապահովելու համար»` հավելելով, նման հայտարարություններով Մոսկվան փորձում է «ուշադրությունը շեղել սեփական հանցագոր գործողություններից» Սիրիայում:

ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունները` ասելով միայն, որ Թուրքիան ԱՄՆ համար մնում է առանցքային գործընկեր ԻՊ դեմ պայքարում, իսկ թուրքական ՌՕՈւ շարունակում են հարվածներ հասցնել գրոհայիններին Սիրիայում: Սահմանամերձ գոտում թուրքական զորքերի գործողությունների մասին հարցին Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին պատասխանել է. «Մենք գիտենք, որ Թուրքիան գործողություններ է ձեռնարկում Սիրիային սահմանակից իր տարածքում` ապահովելու համար 98 կմ տարածքի անվտանգությունը, որը մնում է խնդրահարույց», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ հունվարի վերջում հայտնի դարձավ, որ Թուրքիան բանակի մեխանիզացված ստորաբաժանումներ է մտցրել Սիրիայի տարածք, որոնք բետոնե պատեր են կառուցում և խրամատներ են փորում` շարունակելով աջակցությունն ահաբեկիչներին: Հայտնի է նաև, որ Անկարան օգնում է օտարերկրացի գրոհայիններին հասնել Սիրիա, «ապաստան է տալիս նրան և բուժօգնություն տրամադրում Թուրքիայի տարածքում, որտեղ ահաբեկիչների նախապատրաստման հատուկ ճամբարներ կան»: