12 հունվարի 2007 - 19:01 AMT
Նոր պատերազմը մեծ աղետ կհանդիսանա ոչ միայն Ղարաբաղի կամ Ադրբեջանի համար
«Կովկասը շատ հեռու է: Դա շատ խճճված տեղ է, ես կասեի, որ այն ավելի խճճված է, քան Բալկանները, ուստի եւ դժվար է հրավիրել այս վայրի վրա Արեւմուտքի հեղինակների ուշադրությունը»,-հայտարարել է «Սեւ այգի» գրքի հեղինակ, բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը: Նրա խոսքերով, պաղեստինյան հակամարտությունը եւ իրադարձություններն Իրաքում ավելի մեծ ուշադրություն են գրավում, քան ղարաբաղյան հարցը: «Սակայն, ես գտնում եմ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն խոսում են այդ տարածաշրջանի հանդեպ հետաքրքրության աստիճանական բարձրացման մասին»,-նշել է նա:

Միեւնույն ժամանակ լրագրողն ասել է, որ չի հավատում ինչ-որ կախարդական միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ահա արդեն 10 տարի է, ինչ բանակցություններ են ընթանում խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն, ճշմարիտ խաղաղ գործընթացը դեռեւս չի սկսվել: Ես գիտեմ, որ նոր պատերազմը մեծ աղետ կլինի ոչ միայն Ղարաբաղի կամ Ադրբեջանի համար: Այն կընդգրկի մեծ տարածքներ, այդ պատերազմի առաջին զոհը կդառնա ադրբեջանական երիտասարդությունը, որը կընկնի ականների վրա: Իրական առաջընթացի համար անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել: Երկու կողմերն էլ պետք է փոխադարձ հարգանք դրսեւորեն եւ քննարկեն համատեղ ապագայի հնարավորությունը խաղաղ պայմանագիր կնքելուց եւ սահմանները բացելուց հետո»,-գտնում է դե Վաալը: Նա նաեւ ընդգծել է, որ «Ադրբեջանը պետք է հիշի, որ Ղարաբաղ անվամբ տարածքից բացի, կան նաեւ ղարաբաղցի հայերը»: «Նրանց հետ պետք է բանակցություններ վարել եւ ցույց տալ նրանց իրենց ապագա հնարավորությունները Ադրբեջանի կազմում Ղարաբաղի մնալու դեպքում: Իրենց հերթին ղարաբաղցի հայերը չպետք է մոռանան այն մասին, որ կան ղարաբաղցի ադրբեջանցիներ, նրանք նույնպես այդ տարածքում բնակվելու իրավունք ունեն: Յուրաքանչյուրը պետք է խոսի ոչ թե հաղթանակի, թշնամուն ճնշելու, այլ խաղաղ համաձայնագրի օգտակարության մասին: Ոչ ոք չի կարող փոխել քարտեզը»,-ասել է Թոմաս դե Վաալը, հաղորդում է Analitika.az-ը: