ՄԱԿ-ը Դամասկոսին մեղադրում է կալանավորների զանգվածային սպանությունների մեջ

ՄԱԿ-ը Դամասկոսին մեղադրում է կալանավորների զանգվածային սպանությունների մեջ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն իր զեկույցում մեղադրել է Սիրիայի իշխանություններին հազարավոր կալանավորների զանգվածային սպանությունների մեջ: Ներկայացված զեկույցը կոչվում է «Աչքից հեռու, սրտից` դուրս. մահը Սիրիայի Արաբական Հանրապետությունում»: Դրա հեղինակները պնդում են, որ Սիրիայի բարձրաստիճան ներկայացուցիչները գիտեն և հավանություն են տալիս այն ամենին, ինչ կատարվում է կալանավայրերում:

Զեկույցում ասվում է, որ Սիրիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, որոնց կասկածում են ընդդիմադիրներին համակրելու կամ կառավարությանը ոչ բավարար ակտիվությամբ աջակցելու մեջ, Բաշար Ասադի ռեժիմը միտումնավոր սարսափելի պայմաններ է ստեղծում կալանավայրերում, ինչը մահացու հետևանքներ է ունենում: ՄԱԿ զեկույցում նաև քննադատվում են սիրիացի ապստամբները, որոնց մեղադրում են գերեվարված սիրիացի զինվորականներին գնդակահարելու և ցուցադրական մահապատիժներ կազմակերպելու մեջ:

Զեկույցում դիտարկվում է 2011-ի մարտից մինչ օրս ընկած ժամանակահատվածը: ՄԱԿ քննիչները համարում են, որ Սիրիայում մշտապես կալանքի տակ են գտնվում տասնյակ հազարավոր մարդիկ: Ականատեսները «մարդու իրավունքների խախտումների ծավալով սարսափելի պատկեր են նկարագրում», ասվում է զեկույցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ Սիրիայի` շրջափակման մեջ գտնվող քաղաքներին մատակարարված սնունդը հաշվարկված է մեկ ամսվա համար: Այս մասին հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: ՄԱԿ-ի տվյալներով` մոտ 4.5 մլն մարդ Սիրիայում բնակվում է այնպիսի շրջաններում, ուր բարդ է հումանիտար օգնություն հասցնել, նրանցից 400.000-ը` շրջափակման մեջ գտնվող շրջաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---