15 հունվարի 2007 - 13:10 AMT
Տնտեսական հարաբերությունները կարող են դառնալ Երեւանի եւ Անկարայի քաղաքական երկխոսության սկիզբ
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական հարաբերությունների բարելավումը կարող է քաղաքական երկխոսության սկիզբ դառնալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման խորհրդի համանախագահ Կաան Սոյակը: Նրա խոսքերով, հենց տնտեսությունն է հանդիսանում համագործակցության բարելավման գլխավոր ուղղություններից մեկը: «Ես չգիտեմ` ով ավելի կշահի հայ-թուրքական սահմանի բացումից: Ստամբուլցի գործարարները հիմնականում կենտրոնանում են Արեւմուտքի վրա, Հայաստանի հետ համագործակցությունը նրանց չի հետաքրքրում: Սակայն սահմանամերձ շրջանների բնակիչների համար դա շատ կարեւոր է: Մենք աշխատում ենք եւ չենք կորցնում մեր հույսը, որ վաղ թե ուշ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության կգան: Մեր կազմակերպությունը դիմել է Թուրքիայի ԱԳՆ-ին: Մենք ասում ենք. եթե դուք չեք պատրաստվում բացել սահմանները, ապա ասացեք, որպեսզի աշխատանքը իզուր չանցնի: Սակայն մենք հույսներս չենք կորցնում»,- նշել է Սոյակը: