Սիրիան մտադիր է հսկողություն հաստատել Թուրքիայի հետ սահմանին

Սիրիան մտադիր է հսկողություն հաստատել Թուրքիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է; Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը, հայտնել է Reuterts-ը:

Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»: Խորհրդականը վստահություն է հայտնել, որ Սիրիայում հրադադարի մասին կոչերը հնչեցնում են նրանք, ով «ցանկանում է, որ ահաբեկիչների դիրքերն ամրանան»: Ընդ որում նա կասկածելի է համարել դիվանագիտական կարգավորումը և մեղադրել է Անկարային միգրացիոն ճգնաժամը Եվրոպային շանտաժի ենթարկելու համար օգտագործելու մեջ: «Փախստականների խնդրի լուծումը անվտանգ Սիրիա վերադառնալն է, և ես վստահ եմ, որ սիրիացիների մեծ մասը երազում է վերադառնալ իր երկիր»,-հավելել է Շահաբանը, հայտնում է Լենտա.ռու-ն:

Փետրվարի 9-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ իր երկիրը մտադիր է «պաշտպանել սիրիական Հալեպը»` դա անվանելով «պատմական պարտքի վերադարձ»: «Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը: Ժամանակին Հալեպի մեր եղբայրները պաշտպանել են մեր քաղաքները` Շանլիուրֆան, Գազիանտեփը, Ղահրամանմարաշը, այժմ մենք կպաշտպանենք հերոսական Հալեպը: Նրա պաշտպանների թիկունքին ամբողջ Թուրքիան է կանգնած»,-հայտարարել է Դավութօղլուն` ելույթ ունենալով իր գլխավորած Արդարության և զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:

Նույն օրը հայտնի դարձավ, որ Թուրքիան սկսել է ընդունել Հակեպից եկող փախստականներին: Սահմանը արդեն հատել է 10 հազար մարդ:

Փետրվարի 4-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «կան լուրջ հիմքեր կասկածելու, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական ներխուժման Սիրիայի տարածք»` նշելով ճշգրիտ հրետակոծությունները Լաթաքիայում, ինչպես նաև թուրքական տարածքում ՌԴ-ին դիտորդական թռիչքի իրականացման մերժումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի անվանեց այդ պնդումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---