Մոսկվայում Արևմտյան Քրդստանի ներկայացուցչություն է բացվել

Մոսկվայում Արևմտյան Քրդստանի ներկայացուցչություն է բացվել

PanARMENIAN.Net - Մոսկվայում Արևմտյան Քրդստանի ներկայացուցչություն է բացվել, որն աշխատելու է ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակով: Ներկայացուցչության աշխատակիցները մտադիր են նպաստել սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը:

«Եվ քուրդ ժողովրդի, և Արևմտյան Քրդստանի ժողովրդների համար այդ իրադարձությունը պատմական է: Դա հնարավոր դարձավ Սիրիայում քրդերի համառ պայքարի շնորհիվ: Մենք հուսով ենք, որ ներկայացուցչությունը մեր տարածաշրջանի ձայնը կդառա»,-ասել է ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում այդ շրջանի հատուկ ներկայացուցիչ Սենամ Մուհամմեդը:

Նա հույս է հայտնել, որ նման ներկայացուցչություններ կհայտնվեն ամբողջ աշխարհում: Նա հավելել է, որ Մոսկվայում ներկայացուցչությունն աշխատելու է ՈԿԿ կարգավիճակով: «Ցանկացած գործ փոքր քայլից է սկսվում, մենք ներկայացուցչություն ենք բացում ՈԿԿ կարգավիճակով»,-ասել է նա:

ՌԴ-ում ներկայացուցչության ղեկավար Ռոդի Ահմանն իր հերթին ասել է, որ գործունեության ուղղություններից մեկը լինելու է սիրիական ճգնաժամը համատեղ ջանքերով հանգուցալուծելու փորձը: «Մենք կսկսենք հանդիպումներից քաղաքական գործիչների, ռուս պաշտոնյաների և հասարակական գործիչների հետ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գենադի Գատիլովն ասել էր, որ առանց քրդերի մասնակցության դժվար է հուսալ, որ սիրիական խնդիրը կհանգուցալուծվի, սակայն քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին կտրականապես դեմ է Թուրքիան:

2015-ի դեկտեմբերի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշի հետ: Ավելի վաղ` հոկտեմբերին, ռուսական ԱԳՆ-ն քննարկում էր Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն բացելու հարցը, իսկ դեկտեմբերի կեսին արդեն Մոսկվան պնդում է, որ սիրիական քրդական Ժողովրդական միությունը մասնակցի Սիրիայի շուրջ բանակցություններին:

Ըստ վերլուծաբանների, Ժողովրդավարական միության մասնակցությունը բանակցություններին ի վերջո կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---