17 հունվարի 2007 - 14:57 AMT
Մրցույթ է հայտարարվել Շուշիի ազատագրումը նշանավորող հուշարձանի նախագծի համար
Երեւանի քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարում Ադրբեջանի հետ պատերազմում Շուշիի ազատագրումը նշանավորող հուշարձանի նախագծի համար: Հուշարձանն իր գեղարվեստական կատարմամբ պետք է խորհրդանշի հայ ժողովրդի ազատագրական պայքարն Արցախում: Հուշարձանի նյութն ու բարձրությունը թողնվել են հեղինակների հայեցողությանը: Հուշարձանը նախատեսվում է կանգնեցնել Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում (Երեւանի կենտրոնի հարեւանությամբ): Լավագույն նախագծերի համար նախատեսվում են հետեւյալ դրամական պարգեւները` 1-ին տեղի համար` 1500 դոլար, երկրորդի համար` 1000 դոլար, երրորդի համար` 500 դոլար, ինչպես նաեւ երկու խրախուսական պարգեւ 300-ական դոլար (դրամին համարժեք): Ճարտարապետների միության հետ համատեղ Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած բաց մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետներ, քանդակագործներ եւ նկարիչներ: Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն 2007 թվականի փետրվարի 15-ից ոչ ուշ, նշելով հեղինակի կամ հեղինակների անունները, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Նշենք, որ 2007 թվականին լրանում է Ղարաբաղի հին հայկական բերդաքաղաք Շուշիի ազատագրման 15-ամյակը, որը 19-րդ դարում եղել է հայության մշակութային, կրթական եւ հոգեւոր կենտրոններից մեկը: