Ուորլիք. Հուսով ենք՝ կողմերը հավատարիմ կմնան բանակցություններով հիմնախնդրի լուծմանը

Ուորլիք. Հուսով ենք՝  կողմերը հավատարիմ կմնան բանակցություններով հիմնախնդրի  լուծմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալությանը և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկա իրավիճակի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման և ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումների մասին:

«Մենք դեմ չենք միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը: Մենք պաշտպանում ենք Հայաստանի և Ադրբեջանի իրավունքը՝ այդ հարցը բարձրացնել այնպես, ինչպես իրենք ցանկանում են: Համանախագահներն ընդգծում են, որ Մինսկի խմբի կողմից ընդունված բանակցությունների ձևաչափը մնում է ուժի մեջ: Մենք հույս ունենք, որ բանակցությունների ճանապարհով հակամարտությունը լուծելու համար Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին և կշարունակեն սերտ համագործակցությունը Մինսկի խմբի հետ», - ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ որպես միջնորդներ՝ խաղաղության միակ ճանապարհը տեսնում են բանակցությունների մեջ: «Երկարատև կարգավորման հասնելու համար մեր բանակցությունները հիմնվում են միջազգային իրավունքի սկզբունքների՝ ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ արձանագրության, մասնավորապես տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Հակամարտության համապարփակ կարգավորման մաս է հանդիսանում գրավված տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացումը», - նշել է համանախագահը:

Միաժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ բանակցությունների ձևաչափը ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից՝ հույս հայտնելով, որ կողմերը, մնալով լիովին հավատարիմ բանակցությունների ճանապարհով հակամարտության լուծմանը, կշարունակեն սերտ համագործակցությունը միջնորդների հետ, գրում է Aravot.am-ը:

«Մենք հավատում ենք, որ խաղաղության գործընթացում առաջընթացի համար կարևոր է երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ուստի համանախագահները աջակցում են նախագահների հանդիպումներին՝ պետքարտուղար Քերիիի, նախագահներ Պուտինի և Օլանդի միջնորդությամբ, շեշտել է Ուրլիքը»:

2016-ի հունվարին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ 2016թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել։

Ամերիկացի դիվանագետը նաև հուսով է, որ կողմերը կդադարեն բռնություն գործածել ու խուսափել կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում խաղաղության հասնելու՝ նախագահների ընդհանուր նպատակը։

«Մենք հասկանում ենք դա նրանց խոսքից։ Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը, և մենք հավատացած ենք, որ նախագահները դա հասկանում են» - շեշտել է դիվանագետը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---