18 հունվարի 2007 - 14:58 AMT
Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին կբացվի ապրիլի 11, այլ ոչ թե 24-ին
Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին կբացվի ապրիլի 11, այլ ոչ թե 24-ին: Ինչպես հաղորդում է Turkish Press-ը, եկեղեցին լիովին վերականգնվել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կողմից Վանի վարչակազմի հետ համատեղ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սբ.Խաչ եկեղեցին կառուցվել է 915- 921 թթ. Գագիկ Առաջին Արծրունու իշխանության օրոք: «Հայ ճարտարապետության կարեւոր հուշարձանների թվում եկեղեցին ուշադրություն է գրավում իր քարե քանդակներով եւ պատերի որմնանկարներով»,-գրում է Turkish Press-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ եկեղեցու բացումը լինելու է ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, սակայն հայկական սփյուռքի բողոքներից հետո, մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի բողոքներից հետո, բացման օրը փոխվեց:

2006 թվականին եկեղեցու վերականգնման աշխատանքներին մասնակցեցին հայ մասնագետները: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, եկեղեցու գմբեթին կանգնեցվել է հայկական խաչը: