18 հունվարի 2007 - 16:40 AMT
Freedom House. Հայաստանը նորից համարվել է «մասամբ ազատ» երկիր
Freedom House իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն, ինչպես եւ անցած տարի, Հայաստանը «մասամբ ազատ» երկրների խմբում է: Ինչպես հայտարարել է կազմակերպության հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը, Հայաստանն այս խմբի ամենաթույլ պետություններից մեկն է եւ ընդհուպ մոտեցել է այն սահմանագծին, որը բաժանում է «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ» երկրները: «Սա մի շարք կարեւոր ոլորտներում առկա թույլ ցուցանիշների արտացոլումն է: Այդ ոլորտներից են` մամուլում տիրող վիճակը կամ, ասենք, քաղաքական գործընթացներին մասնակցելու քաղաքացիների հնարավորությունը»,֊ -«Ազատություն» ռադիոկայանին ասել է Քրիս Ուոքերը: Ըստ Freedom House-ի, «մասամբ ազատ» պետությունների խմբում ընդգրկված երկրներում քաղաքացիական ազատություններն ու մարդկանց քաղաքական իրավունքները լիովին չեն ապահովվում: Բացի այդ` այս խմբում հայտնված երկրներում հաճախ կոռուպցիոն մթնոլորտ է տիրում, ձեւական բազմակարծության ֆոնին քաղաքական մեկ ուժ է գերիշխում, իրավական պետությանը բնորոշ ատրիբուտները թույլ են: Քրիս Ուոքերը վերջին շրջանում Հայաստանում արձանագրված մտահոգիչ միտումներից հատկապես հիշատակեց օլիգարխների ակտիվացումը: Նրա վկայությամբ` Freedom House-֊ը ուշադրությամբ է հետեւելու առաջիկա խորհրդարանական ընտրարշավին:

Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւաններին, ապա Վրաստանն ու Թուրքիան նույնպես Freedom House-ի կողմից ճանաչվել են «մասամբ ազատ» պետություններ: Բայց ի տարբերություն Հայաստանի` այս երկու երկրները, ըստ իրավապաշտպանների, մի քայլ առաջ են արել` նախեւառաջ ընտրական գործընթացների կազմակերպման առումով: Ըստ Freedom House-ի` թե Թուրքիան եւ թե Վրաստանն այսօր «ընտրական ժողովրդավարությունների» ցանկում են: Freedom House-ի փորձագետների համոզմամբ` Ադրբեջանը մամուլի ազատության առումով հետընթաց է ապրում, իսկ նախագահ Իլհամ Ալիեւի ճնշումները մամուլի նկատմամբ ուժեղանում են: «Ոչ ազատ» պետությունների թվին են դասվել նաեւ Իրանը եւ Ռուսաստանը: