Իրանի մասնավոր հատվածը հետաքրքրված է ՀՀ-ում բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ

Իրանի մասնավոր հատվածը հետաքրքրված է ՀՀ-ում բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում երկու կողմերի միջև կազմակերպվել են բազմաթիվ փոխայցելություններ` մասնագիտական փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար իրականացվել է հիգիենիկ համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության փոխտրամադրում և փոխօգնություն:

Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հայաստան է ժամանել նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Արմեն Մուրադյանը ողջունելով պատվիրակության անդամներին` նշել է, որ Հայաստանը և Իրանը հաջողությամբ համագործակցում են նաև միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, հայտնում է առողջապահության մամուլի ծառայությունը:

«Մենք ցանկանում ենք առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորություններն առավել արդյունավետ համագործակցելու համար»,- ասել է նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդիի: Նա նշել, որ իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է մեր երկրում ներդրումներ կատարելու, մասնավորապես` բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ:

Որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ առանձնացվել է նաև դեղարտադրությունը: Քննարկվել են դեղերի արտադրության առաջավոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացմանը, ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրերին` ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ մոտ երկու ամիս է անցել ՀՀ պատվիրակության Իրան կատարած այցից, որը թույլ տվեց ամրապնդել երկկողմ գործընկերային կապերը և կնքել նոր համագործակցության համաձայնագիր՝ գործնական նոր հեռանկարներով»,- ասել է նախարարը` կարևորելով փոխայցելությունները:

Համաձայնագրի շրջանակում երկու կողմերը ստեղծել են աշխատանքային խմբեր՝ առողջապահության նախարարների տեղակալների մակարդակով:

«Վստահ ենք, որ հայ գործընկերների հետ Ձեր բանակցությունները դրական արդյունք կունենան՝ ի օգուտ մեր ժողովուրդների առողջության»,- ընդգծել է նախարարը:

«Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիին՝ հանրային առողջապահության խնդիրները համատեղ քննարկելու նպատակով Հայաստանում կայանալիք նախարարական համաժողովին մասնակցելու իմ հրավերն ընդունելու համար»,- ասել Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրել է նաև, որ օրեր առաջ Մեղրիում բացվել է տարածաշրջանային նշանակության բժշկական նորագույն կենտրոն, որը կարող է գրավիչ լինել նաև Իրանի բժշիկների համար:

Իրանի պատվիրակությունն կայցելի ՀՀ մարզեր, ինչպես նաև հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:

2015թ. դեկտեմբերին Թեհրան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նպաստում է Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության առողջության բարելավմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---