Սիրիական բանակը մտադիր է մինչև տարեվերջ ազատագրել Ռաքքան

Սիրիական բանակը մտադիր է մինչև տարեվերջ ազատագրել Ռաքքան

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերի հրամանտարությունը մտադիր է մինչև տարեվերջ ազատագրել ահաբեկիչներից «Իսլամական պետության» հենակետը համարվող Ռաքքան, եթե չլինի Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԶՈւ միջամտությունը: Այդ մասին հայտնել է սիրիական բանակի գեներալը CNN-ին տված հարցազրույցում:

«Ես չեմ կարող իրական կանխատեսումներ անել; Սակայն, եթե չլինի ռազմական ներխուժում Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի կողմից, կարծում եմ, որ մենք Ռաքքայում կլինենք մինչև տարեվերջ»,-ասել է գեներալը:

Նա խոստովանել է, որ ՌԴ ավիացիայի աջակցությունն «իրական բարերարություն էր»: «Նրանք օգնում են մեզ երկու առումով` առաջին հերթին մարտական թռիչքներով, և հետո հետախուզական տվյալներ տրամադրելով, որոնք թույլ են տալիս կանխարգելիչ հարվածներ հասցնել»,-պարզաբանել է գեներալը:

Ըստ նրա, այժմ Սիրիայի ԶՈւ գլխավոր խնդիրը «լիարժեք հսկողություն ապահովելն է Թուրքիայի հետ սահմանին` կտրելու համար ահաբեկիչների մատակարարման ուղիները», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սիրիական բանակը դեմ չէ օգնություն ստանալ ԱՄՆ-ից կամ նրա դաշնակիցներից, սակայն շատ հոռետեսորեն է մոտենում այդ հնարավորությանը, ասել է գեներալը:

«Ամերիկա՞ն: Իսկ նա ինչ-որ բան անո՞ւմ է»,-հարց է տվել զինվորականը: «Մենք նրանց ավանդը դեռ չենք տեսել: Հակառակը, հենց նրանք են աջակցում ԻՊ հզորացմանը»,-պարզաբանել է նա` ցույց տալով ամերիկյան արտադրության «Համմերի» լուսանկարը, որով գրոհայինները գրոհում են զորամասերից մեկը: «Համմերը» խփել են ռուսական արտադրության նռնականետից, նշել է գեներալը:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել էր կրկին հսկողություն սահմանել Սիրիայի ամբողջ տարածքում: Ըստ Ասադի, կառավարական զորքերը փորձում են «առանց տատանվելու» վերականգնել հսկողությունը Սիրիայում: Այլ երկրների մասնակցությունը կնշանակի, որ կարգավորումը երկար կտևի և բարձր գին կունենա»,-ասել է Ասադը:

Ըստ նրա, Հալեպի գավառում սիրիական զորքերի նպատակն է փակել դեպի թուրքական սահման տանող ճանապարհը, որտեղից գրոհայինները ստանում են ամեն անհրաժեշտը:

Բացի այդ, Ասադն ասել է, որ սատարում է կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն «չի դադարեցնի պայքարը ահաբեկիչների դեմ բանակցությունների ընթացքում»:

Նա մատնանշել է սաուդյան և թուրքական ներխուժման վտանգը` նշելով, որ կառավարական ուժերը կհակազդեն դրան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---