Էրդողան. Թուրքիան կշարունակի գնդակոծել քրդական ուժերի դիրքերը Սիրիայում

Էրդողան. Թուրքիան կշարունակի գնդակոծել քրդական ուժերի դիրքերը Սիրիայում

PanARMENIAN.Net - Թուրքիան կշարունակի գնդակոծել քրդական ինքնապաշտպանական ուժերի դիրքերը Սիրիայում` ի պատասխան կրակի, որը նրանք են վարում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքական ուժերն արդեն մի քանի օր է չեն դադարեցնում սիրիական քրդերի դիրքերի ինտենսիվ հրետակոծումը: Ավելի վաղ սիրիացի քրդերը մերժել էին Անկարայի պահանջը Թուրքիայի սահմանի մոտ գրաված դիրքերից հեռանալու վերաբերյալ` պնդելով, որ հակառակ դեպքում իրենց տեղը կզբաղեցնեն ծայրահեղական իսլամիստները:

«Թող ոչ ոք չմտածի, թե մենք կնահանջենք: Նրանց ամեն մի կրակոցին մենք բազմակի անգամ կպատասխանենք»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում գյուղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածները քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դիրքերին պատասխան են նրանց ստեղծած սպառնալիքին: Նա պահանջել է, որպեսզի նրանք հեռանան սիրիական Աազազից, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու, ինչպես նաև մոտակա տարածքները: Նա նաև զգուշացրել է, որ Անկարան վրեժխնդիր է լինելու քուրդ կամավորականների յուրաքանչյուր քայլի համար:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է սիրիական տարածքի հրետակոծմամբ Թուրքիայի կողմից: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն արտահայտել է ԱՄՆ դիրքորոշումը` կոչ անելով Թուրքիային դադարեցնել հարվածները Սիրիայի տարածքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---