18 փետրվարի 2016 - 12:35 AMT
ՏՄՊՊՀ նախագահը բացատրել է` ինչու հացը չի էժանացել ալյուրի գնի նվազմանը համահունչ

Փետրվարի 18-ի Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին կոչ է արել ներկայացնել հացի շուկայի գնագոյացման գործընթացների ուսումնասիրության արդյունքները:

Շաբոյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացրել հացի արտադրության ոլորտում: Նա հիշեցրել է, որ խնդիրը կայանում է նրանում, որ 2015-ին ալյուրի գները նվազել էին, և դա կապվում էր ռուսական շուկայի հետ, քանի որ ալյուրը մեծ չափով ներմուծվում էր Ռուսաստանից, սակայն դրան համահունչ հացի գները չեն նվազել:

ՏՄՊՊՀ-ի նախագահը նշել է, որ ուսումնասիրել են 10 խոշոր արտարդրող:

Շաբոյանը նկատել է, որ 2015-ին ալյուրի գինը նվազել է 9-10%-ով, գրում է Tert.am-ը:

Նա պարզաբանել է, որ գների նվազման վրա ազդել է ալյուրի գինը, սակայն դա մի մասով է միայն ազդում, քանի որ հացի ինքնարժեքի մեջ ալյուրի տեսակարար կշիռը 52% է կազմում, բացի այդ գազի և էլեկտրաէներգիայի գինն է ազդում, որ անցած տարի բարձրացել է: Նա նաև նկատել է, որ հացի արտադրության մեջ օգտագործվում է բարձր տեսակի ալյուրը, որը համեմատաբար ավելի քիչ է նվազել:

ՀՀ կառավարության հունվարի 14-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանում բազմաթիվ ապրանքների գները նվազել են: «Մասնավորապես, ալյուրի գները տարվա կտրվածքով նվազել են մինչև 30%ով, ինչը պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրն ու ցորենը ներկրվում է ՌԴ-ից»,- ասել է Շաբոյանը:

«Այդ դեպքում եթե ալյուրի գինը 30%-ով նվազել է, ինչո՞ւ հացի գները չեն նվազում»,- հարցրել է վարչապետը:

ՏՄՊՊՀ նախագահ խոսքով՝ հացի արտադրության ոլորտում կան հարյուրավոր ու հազարավոր տնտեսվարողներ, դաշտը մրցակցային է, հակամրցակցային համաձայնություններ չեն կարող այս դաշտում լինել:

«Ես առաջարկում եմ հարյուր հազարների հետ գործ չունենալ, այլ մինչև մեկ տասնյակ խոշորներին ևս մեկ անգամ ուսումնասիրել, հասկանալ` ինչու հավասարաչափ չեն իջեցվել հացի գները»,- հանձնարարել է վարչապետը: