18 փետրվարի 2016 - 17:25 AMT
Նախարար. Արամի 30-ի շենքը կվերականգնվի

Հանրության արձագանքի պայմաններում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը դիմել է «Հին Երևան» նախագծի տնօրենին, որ Արամի 30 հասցեով շենքը վերականգնվի այնտեղ:

«Արամի 30-ը հուշարձանների ցանկում չի եղել, սակայն դրա չափագրություններն ունենք, և ըստ չափագրության՝ «Հին Երևան» տարածքում դա անպայման կվերականգնվի», - ասել է Սարգսյանը, գրում է Tert.am-ը:

ՀՀ կառավարության 2007-ի հունվարի 25-ի 108 N որաշմամբ` Արամի 30 շենքի հարևանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ: 2016-ի հունվարին Արամի 30 շենքը քանդվել է: Ականատեսների վկայությամբ, շենքի քանդման հիմնական աշխատանքները կատարվել են գիշերային ժամերին: Հասարակական պայքարը Արամի 30-ի պահպանման համար սկսվել էր ավելի քան հինգ տարի առաջ: Սակայն այն դադարել էր, երբ տարածքի քաղաքաշինական ծրագրի նախագծող Աշոտ Ալեքսանյանը քաղաքացիներին վստահեցրել էր, որ Արամի 30-ի առնվազն ֆասադային հատվածը հնարավոր կլիներ պահպանել։ Քաղաքապետարանը շենքի ավերումը բացատրում է Արամի և Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով:

Անդրադառնալով գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի մտահոգությանը, որ «Դոլմամայի» տարածքում գինեգործների համար կարևոր նշանակություն ունեցող նկուղներ կան, նախարարն ասել է. «Դոլմամայի դիմաց՝ Աբովյանի անկյունում, կա ևս հուշարձան-շենք, որը նույն կառուցապատողինն է, և այնտեղ ևս կան նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվելու և զարգացվել են, և ես վստահ եմ, որ այստեղ ևս նկուղները չեն քանդվելու»։

2016-ի հունվարի 22-ին լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որմայրաքաղաքի ռեստորաններից «Դոլմամա»-ն քանդվելու է:Ըստ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի՝ կորցնելու է 18 տարվա իրաշխատանքը:«Վնասը միայն ինձ չէ հասցվում, ցանկություն կա ամբողջ փողոցը քանդելու: Այստեղ մի քանի շենք կա, որոնք 19-րդ դարի են, հրշեջների շենքը՝ 20-րդ»,- ասել է Ավանյանը:Աբովյան-Պուշկին-Սախարով հրապարակի եռանկյունին պահպանելու համար 80 տուրօպերատոր դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս»ընկերությունն է:

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի քանդմանը, ապա նա նշել է. «Մենք օդանավակայանի մասով էլ աշխատում ենք ճարտարապետների հետ, որ այն պահպանվի: Դրանք կառույցներ են, որոնց քանդելը պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ այլ տարբերակներ չկան։ Օրինակ՝ այդպիսի անհրաժեշտություն էր Աֆրիկյանների շենքը», - ասել է Սարգսյանը և նշել, որ այն ևս «Հին Երևան» նախագծում կներառվի:

Երևանի քաղաքապետարանը 2015-ի դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։

Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հունվարի 13-ին հայտարարել է, որ «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում:

Թարխանյանի խոսքով՝ նման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության և միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որևէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում: Ուստի, «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, ինքը՝ որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու է Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին։