Թեհրանը կուսումնասիրի Իրան-ՀՀ երկաթուղու կառուցման տեխնիկա-տնտեսական հիմնավորումները

Թեհրանը կուսումնասիրի Իրան-ՀՀ երկաթուղու կառուցման տեխնիկա-տնտեսական հիմնավորումները

PanARMENIAN.Net - Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ-իրանական երկաթգծի կառուցման ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Նա ասել է, որ առաջիկայում Երևան են ժամանելու իրանցի մասնագետները՝ տեխնիկա-տնտեսական հիմնավորումները ուսումնասիրելու համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հայ-իրանական երկաթգծի հետ կապված պետք է նշել, որ Հայաստանի տրանսպորտի և կապի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարները բանակցել են այդ հարցի շուրջ, և մոտ ապագայում նախատեսվում է, որ Իրանից մասնագետների պատվիրակություն է այցելելու Հայաստան՝ տեխնիկա-տնտեսական հիմնավորումները ուսումնասիրելու համար»,- ասել է դեսպանը։

Հունվարին Թեհրանում էր տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որը այցիցի հետո հայտնեց, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղի ստեղծելու վերաբերյալ:

Երկաթուղու մասով Բեգլարյանը մանրամասնեց՝ իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի - Վայոց ձոր - Սևան տարբերակի փոխարեն՝ Մեղրի - Վայոց ձոր - Երասխ, և փաստորեն այս տարբերակի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները ուսումնասիրելու են նաև իրանցի մասնագետները:

Փետրվարի սկզբին Ազգային ժողովում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց՝ Իրանի հետ բանակցություններ են տարվում գազի գնման շուրջ՝ ընդգծելով, որ «Գազպրոմ»-ին տրված մենաշնորհը վերաբերում է միայն Ռուսաստանից գազ գնելուն:

Անդրադառնալով գազի շուրջ բանակլցություններին և այն հարցին թե ստացվելիք գազն օգտագործվելու է միայն Իրան էլեկտրաէներգիա փոխանցելո՞ւ համար, թե՞ հնարավոր է, որ գազը մատակարարվի նաև Հայաստանի բնակչությանն ու ձեռնարկություններին` դեսպանն ասել է. «Իրանի ու Հայաստանի միջև ստորագրված «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակում շարունակվելու է համագործակցությունը, և փորձելու ենք ընդլայնել համագործակցությունը այդ փաստաթղթի շրջանակում: Այս պահի դրությամբ համագործակցում ենք «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակում: Անշուշտ, եթե ապագայում որոշումներ կայացվեն, այդ մասին ձեզ կտեղեկացնենք»:

Դեսպանը նաև վստահեցրել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական կանդրադառնա Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա, և «առաջիկայում ականատես կլինենք երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը»:

Իրանի ու Հայաստանի ցամաքային կապը կոչված է ամրապնդել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը: Միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կկապվեն միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:Ծրագիրը նաև կհեշտացնի Իրանի ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---