18 փետրվարի 2016 - 17:53 AMT
Շախմատիստ Կարեն Գրիգորյանը՝ Խազարի գավաթի 2-րդ տեղում

Փետրվարի 18-ին խաղարկվել են «Խազարի գավաթ 2016» մրցաշարի վերջին տուրի հանդիպումները:

Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել Մասուդ Մոսադեգպուրի հետ: Մյուս առաջատար Սերգեյ Վոլկովը նույնպես իր պարտիան ավարտել է խաղաղությամբ: Արդյունքում հենց այս շախմատիստները վաստակեցին 7 միավոր և կիսեցին 1-3 հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ մրցաշարի հաղթող է դարձել Մասուդ Մոսադեգպուրը, իսկ Գրիգորյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Իսկ Հովհաննես Գաբուզյանը վերջին տուրում հաղթել է Մուսավի Սայեդ Խալիլին և գրավել 5-րդ հորիզոնականը:

Խազարի գավաթի «A» խմբում հայտավորված էր 14 երկրի 77 շախմատիստ:

Կարեն Հակոբի Գրիգորյանը ծնվել է 1995-ի փետրվարի 25, Երևանում: Հայ շախմատիստ, գրոսմայստեր է (2013):

Հայաստանի 2015-ի չեմպիոն, ՀՀ հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։

Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է.

-արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ

-բրոնզե մեդալ` 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ

-բրոնզե մեդալ` 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր է.

-թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2010

-թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2011

-2014-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն։ 2015-ի նոյեմբերին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին` 2616։