19 փետրվարի 2016 - 11:35 AMT
Պան Գի Մուն. ՌԴ օդուժն ու սիրիական բանակն են պատասխանատու Հալեպում հումանիտար իրավիճակի վատացման համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ռուսական օդուժին և սիրիական բանակին է պատասխանատու համարել Հալեպ նահանգում հումանիտար իրավիճակի վատացման համար:

Նրա վստահեցմամբ՝ ռազմական գործողությունների ակտիվացումը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի խափանմամբ է սպառնում։ Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի նամակում, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Օրինակ՝ հումանիտար գործողությունները Հալեպ նահանգում` սկսած 2016-ի փետրվարից, չափազանց շատ են խախտվել նահանգի հյուսիսային մասում ցամաքային բախումների ակտիվացման, սիրիական կառավարության և ՌԴ-ի ավիահարվածների հետևանքով»,- գրել է Պան Գի Մունը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանի գնդակոծությունները և հրթիռակոծությունները խախտել են շատ սիրիացիների կյանքը և հանգեցրել ներքին տեղահանված անձանց թվի ավելացմանը, որոնցից շատերը կդառնան փախստականներ։

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: