19 փետրվարի 2016 - 11:21 AMT
Եվրոպոլը զգուշացրել է Եվրոպայում ԻՊ կողմից խոշոր ահաբեկչությունների հավանականության մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող են խոշոր ահաբեկչական գործողություններ կատարել Եվրոպայում, հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը:

«Ակնկալվում է, որ ԻՊ կամ այլ կրոնական ահաբեկչական խմբավորումները հարձակում կգործեն ինչ-որ տեղ Եվրոպայում, թիրախը լինելու է բնակչության շրջանում զոհերի մեծ քանակը»,-ասել է Ուեյնռայթը շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթին:

Եվրոպական ոստիկանության տնօրենը պարբերականին տված հարցազրույցում կրկին ասել է, որ Եվրոպան այս պահին բախվել է վերջին 10 տարում ամենամեծ ահաբեկչական սպառնալիքի het` հավելելով, որ ահաբեկչություններ կարող են իրականացնել ոչ միայն գրոհայինների խմբերը, այլ նաև միայնակ ահաբեկիչներ:

«Վտանգ կա նաև, որ ահաբեկչություն կարող է գործել միայնակ մահապարտ ահաբեկիչը, այդ վտանգը չի նվազել»,-ասել է Ուեյնռայթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի սկզբին «Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» կազմակերպության իսլամիստները սպառնալիքներ են հնչեցրել Իսպանիայի հասցեին` խոստանալով խլել նրանից Սեուտա և Մելիլիա անկլավները, որոնք գտնվում են Աֆրիկայի հյուսիսում: Հունվարի սկզբին վերոնշյալ կազմակերպության անդամները տեսանյութ էին տարածել` սպառնալով ահաբեկչական գործողություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում, Մադրիդում:

Եվրոպոլը ավելի վաղ ևս զգուշացրել էր, որ ԻՊ-ն խոշորամասշտաբ գործողություններ է ծրագրում Եվրոպայում:

«Եվրոպան այժմ բախվել է վերջին 10 տարում ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ գերատեսչության, փարիզյան ահաբեկչությունները վկայում են ԻՊ գործողությունների ուղղվածության փոփոխման մասին, որը միջազգային տարածում է ստանում և ուղղված է միջազգային ոլորտում հատուկ նշանակության ուժերի ոճով հարձակումների:

«Օտարերկրացի գրոհայինների աճող քանակը նոր մարտահրավերներ է ստեղծում ԵՄ անդամ երկրների համար»,-կարծում են Եվրոպոլում: