19 փետրվարի 2016 - 12:24 AMT
Փորձագետ. ՀՀ-ում ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնն առաջատարներից է լինելու տարածաշրջանում

ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մասնագետները փետրվարի 19-ին հերթական անգամ այցելելն են ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ ընթանում են Հայաստանում առաջին ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները:

Այցելության ընթացքում, կապալառու Renco Armestate LLC, Renco SPA, Acotec SRL ընկերությունների համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները բժշկական կենտրոնի և Առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ցուցադրել են փոխպատվաստման բաժանմունքի հիվանդասենյակի նախատեսվող կառուցվածքը, կահույքի և այլ բժշկական համակարգերի տեղակայման վայրը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Իտալիայից ժամանած Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման գործընթացի անկախ վերահսկողություն իրականացնող միջազգային փորձագետ Գաբրիելե Զինգարետին: Իրականացված աշխատանքներն արժանացան անկախ փորձագետի բարձր գնահատականին, ով համոզմունք է հայտվել, որ նորաստեղծ կենտրոնը լինելու է տարածաշրջանում ոլորտի առաջատարներից մեկը:

Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են 2013-ից: Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տարածքում հիմնադրվում է ոսկրածուծի փոխպատվաստման նոր կենտրոն, որի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Հիմնադրամն այս խնդրով 2011-ի նոյեմբերին դիմել էր ՀՀ կառավարությանը: