Տոնոյան. ՀՀ-ն մտադիր է «զսպման համակարգ» գործադրել՝ զինված դիմակայությունը նվազեցնելու համար

Տոնոյան. ՀՀ-ն մտադիր է «զսպման համակարգ» գործադրել՝ զինված դիմակայությունը նվազեցնելու համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին:

Եվրոպայում անվտանգության և գործակցության կազմակերպության բոլոր անդամ երկրների զինվորական և քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հինգ տարին մեկ անգամ անցկացվող միջոցառումը նպատակաուղղված էր անվտանգային միջավայրի փոփոխությանը զուգընթաց դոկտրինալ լուծումների շուրջ մտքերի փոխանակմանը:

Սեմինարին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մասնավորապես նշել է.

«ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «սանձահարման/զսպման համակարգը»(Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար»:

Նրա խոսքով՝ «սանձահարումը/զսպումը» Հայաստանի դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայություն:

«Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Այնպես որ՝ ՀՀ-ն իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով», - ասել է Տոնոյանը:

Վիեննայում գտնվելու ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գոթեմոլերին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, սպառազինությունների վերահսկման, ինչպես նաև Հայաստանում հումանիտար ականազերծման նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարին Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը նշել է.

«Մենք բազմաթիվ սպառնալիքներ ունենք: Բանակը կարողանում է այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որն ստիպում է հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություներից, և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնել մինիմումի»:

Մինսկի խմբի համանախագահ երկրներն իրենց հրապարակային հայտարարություններում հասցեական կոչեր են հղել Ադրբեջանին՝ չսրելու իրավիճակը հակամարտության գոտում, վերահաստատելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, իրականացնելու վստահության ամրապնդման միջոցները, ընդունելու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունները, զերծ մնալու բանակցային միակ ձևաչափը հանդիսացող Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերը քննադատելուց, հարգելու նրանց մանդատը, առաքելությունը, դադարեցնելու բանակցային գործընթացն այլ ձևաչափեր տեղափոխելու քայլերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---