20 փետրվարի 2016 - 12:32 AMT
Հայաստանը Սու 30 կործանիչներ ձեռք չի բերել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերն այն մասին, որ Երևանը Ռուսաստանից Սու-30ՍՄ ծանր կործանիչներ է ձեռք բերել։

Այդ մասին է հայտնում Sputnik ռադիոկայանը: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն են հրապարկել այն մասին, որ Հայաստանը մտադիր է ռուսական Սու-30ՍՄ կործանիչներ գնել։ ԶԼՄ-ները նշում էին, որտեղ և ինչպես են օգտագործվելու 38 տոննա կշռող կործանիչները` հիշեցնելով ղարաբաղյան հակամարտության առկայության մասին։

Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև հայկական կողմին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը հրապարակվել է փետրվարի 18-ին ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Համաձայնագրի շրջանակում Հայաստանը ձեռք կբերի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիրներ, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիրներ, «Տիգր» զրահամեքենաներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա, սակրավորային և ինժեներական սարքավորումներ:

Սսպառազինության գնման համար 200 մլն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը Երևանում կնքվել է հունիսի 26-ին՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ժամանակ: Վարկը տրվել է տասը տարի ժամկետով, մարման առաջին վճարման ժամկետ է սահմանվել 2018 թվականը: Միջոցները կօգտագործվեն զենք-զինամթերքի ձեռքբերման պայմանագրերի արժեքի 90 տոկոսի մարման համար: Հայաստանը որպես կանխավճար կվճարի ամեն պայմանագրի արժեքի 10 տոկոսը: Վճարումները կատարվում են ռուբլիով:

Կարդացեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան