22 փետրվարի 2016 - 12:15 AMT
Հայկո Բաղդատ. Դիարբեքիրում պայթյունից 15 երեխա է տուժել

Պոլսահայ հայտնի լրագրող, գրող Հայկո Բաղդատը հայտարարել է, որ Դիարբեքիրի Սուր շրջանում ուժգին պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել, այդ թվում նաև՝ երեխաներ: Oրեր առաջ Դիարբեքիր մեկնած Բաղդատը այնտեղի ողբերգական իրավիճակին անդրադարձել էր Diken.com.tr կայքում հրապարակած իր «Մարդ չի կարողանում հարմարվել» հոդվածում:

Հեղինակը պատմում է, որ խաղաղ բնակիչների շրջանում շատ կորուստներ են եղել, Սուրում բնակիչների դրությունը ծայրահեղ ծանր է, պայթյունների ձայները չեն դադարում, իսկ երիտասարդներն իրենց ամեն խոսքը սկսում են «եթե ողջ մնանք» արտահայտությամբ:

Իսկ փետրվարի 21-ին պոլսահայ լրագրողը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրից լուրեր են գալիս ուժգին պայթյունի մասին: Տեղեկություններ կան, որ տուժածների մեջ մինչև 11 տարեկան 15 երեխա կա: Ոչ ոքի չեն լսում: Ընտանիքները հուսահատության եզրին են»:

Իսկ թուրքական իշխանամետ Yeni Akit թերթի կայքը, անդրադառնալով Հայկո Բաղդատի այս գրառմանը, այն անվանել է «սադրիչ հայտարարություն»՝ ընդգծելով, որ լրագրողն անտեսել ու չի հիշատակել նույն օրը Դիարբեքիրում զոհված երկու զինվորի մասին, գրում է Ermenihaber.am-ը: Միաժամանակ թերթը չի հաստատել լրագրողի հաղորդած տեղեկության հավաստիությունը:

Իշխանամետ թերթը Բաղդատին մեղադրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համախոհը լինելու մեջ: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Բաղդատը քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահհաթին Դեմիրթաշի մտերիմ ընկերն է:

Դիարբեքիրի 4 թաղամասում հայտարարվել է պարետային ժամ: Թուրքական ԶՈՒ-ն պարետային ժամի ընթացքում իրականացրել է լայնածավալ գործողություններ` քուրդ գրոհայինների փորած խրամատները ծածկելու, բարիկադները հեռացնելու և ինքնաշեն ռումբերը հայտնաբերելու ուղղությամբ:: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: Ջիզրեում և Սուրում շարունակվում են փողոցային բախումները:

Փետրվարի 1-ի առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում տեղի է ունեցել հերթական զինված բախումը քրդերի և թուրքերի միջև: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ-PKK) գրոհայինները սպանել են 3 թուրք զինվորի: Եվս 2 ոստիկան վիրավորվել է:Հունվարի 31-ին էլ Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում, ՔԱԿ-ականների և թուրքական ուժերիմիջև տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել էր 1 թուրք զինվոր և 2 ոստիկան:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 750 քուրդ գրոհային: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: