22 փետրվարի 2016 - 13:38 AMT
Բելառուսը պաշտոնական աջակցություն է հայտնել Ասադին սիրիական հակամարտությունում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին հայտնել է Բելառուսի կոմկուսի առաջին քարտուղար Իգոր Կարպենկոն:

«Ուղերձում աջակցության խոսքեր են Սիրիայի ժողովրդին և նախագահին: Մասնավորապես, ուղերձում ասվում է Բելառուսի Հանրապետության և Սիրիայի միջև բոլոր ուղղություններով բարեկամական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին»,-ասել է Կարպենկոն:

«Ուղերձը Սիրիայի նախագահին է փոխանցվել Սիրիա Բելառուսի պաշտոնական պատվիրակության այցի ժամանակ»,-մեջբերում է Կարպենկոյի խոսքը ՌԻԱ Նովոստին:

Սիրիայի նախագահը փետրվարի 21-ին Դամասկոսում ընդունել է Մինսկից ժամանած պաշտոնական պատվիրակությանը, որը գլխավորում է Բելառուսի կոմկուսի առաջին քարտուղար Իգոր Կարպենկոն: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը, հակամարտության կարգավորման հեռանկարները:

Պատվիրակության ղեկավարը հավելել է, որ «Բելառուսի կոմկուսը վստահ է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունք ունի` առանց արտաքին միջամտության:

Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: