24 փետրվարի 2016 - 11:33 AMT
Երևանում 2016-ին կսկսեն նոր աղբավայր կառուցել

Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի և նոր աղբավայրի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների, ինչպես նաև ծրագրի իրականացման խմբի անդամների և խորհրդատու «Ծրագրերի զարգացման, կառավարման և ֆինանսավորման միջազգային խմբի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Վահե Նիկոյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, վերահաստատել է քաղաքապետարանի պատրաստակամությունը` հնարավորին աջակցելու խորհրդատու կազմակերպությանը, որպեսզի անհրաժեշտ հետազոտությունները, ուսումնասիրություններն ու համապատասխան մրցութային փաթեթների պատրաստման գործընթացն իրականացվի հնարավորին սեղմ ժամկետներում:

«Մեզ համար առաջնային խնդիր է քննարկումներից գործնական քայլերի անցնելն ու 2016-ին աշխատանքների փաստացի մեկնարկ ունենալը: Մոտ 2 տարի մենք պարբերաբար հանրությանը ներկայացնում ենք նոր աղբավայրի կառուցման նախագիծն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, և ցանկալի է, որ այս տարի արդեն դրանց արդյունքը տեսանելի լինի մեր համաքաղաքացիների համար», - նշել է Նիկոյանը:

Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Յոնաս Բիսթրոմն իր հերթին, մի շարք բաղադրիչներով կարևորելով ծրագրի իրականացումը, նշել է, որ իրենց կողմից կարվի հնարավորը գործընթացն առավել արագ կազմակերպելու համար:

Վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև առկա աղբավայրի տարածքների միջազգային չափորոշիչներով մեկուսացնել: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան ամբարների կառուցում:

Նախատեսվում է նաև ապահովել գազի մշտական արտադրություն և գազի այրումից ստանալ այլընտրանքային էներգիա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աղբի տեսակավորման և վերամշակման հնարավոր տարբերակները: Խորհրդատու կազմակերպությունը ներկայացրել է իր մշակած նախնական երեք տարբերակ, որոնք Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կքննարկի: