24 փետրվարի 2016 - 15:06 AMT
Պուտինն ու Ասադն ընդգծել են՝ ահաբեկիչների դեմ պայքարն առանց փոխզիջումների պետք է լինի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Պուտինը և Ասադն ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան ցանկում ներառված «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ առանց փոխզիջումների պայքար վարելու կարևորությունը, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը։

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր զինադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին:

Ձեռքբերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողությունների դադարեցմանը: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ան-Նուսրա ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների վրա:

Սիրիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ պաշտոնական Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչական նշանակության գործողություններից, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» և «Ան-Նուսրա ճակատ» խմբավորումների դեմ:

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ համաձայնեցնել, թե որ խմբավորումներին և շրջաններին է վերաբերելու հրադադարի հաստատումը:

Սիրիական ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Դամասկոսն իրեն իրավունք է վերապահելու պատասխան հարվածներ հասցնել բոլոր այն դեպքերում, երբ սիրիական բանակի դիրքերի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի:

Սիրիական իշխանությունները նաև ընդգծել են սահմանների նկատմամբ ամբողջական վերահսկողության սահմանման և զինված խմբավորումների համալրման աղբյուրների փակման անհրաժեշտությունը: