25 փետրվարի 2016 - 10:48 AMT
Քերի. Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման համար 15-30.000 զինվոր կպահանջվի

ԱՄՆ Պետդեպը կրկին անդրադարձել է Սիրիայում «Բ պալնի» բովանդակությանը, որն ԱՄՆ ղեկավարությունն առաջարկել է Սիրիայում հրադադարի խափանման դեպքում: Պետքարտուղար Ջոն Քերին հրապարակել է, թե որքան զինվորական կպահանջվի այլընտրանքային սցենարի դեպքում, եթե հարկ լինի «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիսում: Տասնյակ հազարավոր զինվորականներ Սիրիայում տեղակայելու հեռանկարի մասին Քերին հոռետեսորեն է խոսել, հայտնում է News.ru-ն:

Ինչպես ասել է պետքարտուղարը Սենատում, Պենտագոնն արդեն հաշվարկել է, որ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման համար 15-30 հազար զինվոր կպահանջվի: «Պատրա՞ստ ենք մենք դա արտոնել: Պատրա՞ստ ենք դեսանտավորել»,-հարցրել է Քերին Սենատի անդամներին, հայտնել է ABC-ն:

Քերին պարզաբանել է, որ «անվտանգության գոտու» ստեղծումը Սիրիայում այնքան էլ դյուրին չէ, որքան թվում է: «Բոլոր այդ խոսակցություններն անվտանգության գոտու մասին ընդհանուր ոչ մի բան չունեն իրականության հետ»,-ասել է պետքարտուղարը: Նա պարզաբանել է, որ օդային տարածքի վերահսկումից բացի, կպահանջվի ցամաքային ուժերի ներկայություն` պաշտպանելու համար խաղաղ բնակչությանը ԻՊ գործողություններից:

Անվտանգության գոտու ստեղծումը ռիսկային է նաև ՌԴ հետ բախման առումով, որը շարունակելու է օդային գործողությունն ԻՊ գրոհայինների դեմ:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր զինադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողմի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողությունների դադարեցմանը: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների վրա: