25 փետրվարի 2016 - 11:25 AMT
Սիրիայի ընդդիմությունը համաձայն է 2-շաբաթյա հրադադարի

Սիրիայի ընդդիմությունը հաստատել է, որ պատրաստ է պահպանել ժամանակավոր հրադադարի ռեժիմը 2 շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր Բանակցությունների գծով գերագույն հանձնախումբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Բանակցությունների գծով գերագույն հանձնախումբը ենթադրում է, որ 2-շաբաթյա հրադադարը հնարավորութուն կտա մյուս կողմին հաստատել իր պարտավորությունների լրջությունը»,-ասվում է հայտարարության մեջ, որի տեքստը հայտնվել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տրամադրության տակ:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը հայտարարել էր, որ Դամասկոսը «ռուս գործընկերների հետ համապարփակ խորհրդակցություններից հետո» որոշել է դադարեցնել մարտական գործողությունները ՌԴ և ԱՄՆ հետ պայմանավորվածությունների համաձայն: Սիրիայի ազատ բանակում բարձրաստիճան աղբյուրն իր հերթին հայտնել է, որ դեռևոս որոշված չէ` Սիրիայի ազատ բանակի ջոկատները կմիանան հրադադարի ռեժիմին, թե ոչ:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողմի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: