25 փետրվարի 2016 - 11:55 AMT
Ռուսաստանը դադարեցրել է ռազմատեխնիկական գործակցությունը Թուրքիայի հետ

Ռուսաստանը դադարեցրել է ռազմատեխնիկական գործակցությունը Թուրքիայի հետ, ներառյալ սպասարկման պայմանագրերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական գործակցության գծով օգնական Վլադիմիր Կոժինը: «Մենք ունեինք պայմանագրեր, ինչպես հրաձգային զենքի, այնպես էլ հրետանային համակարգերի առաքումներ: Բնականաբար, այժմ այդ առաքումներն ու բոլոր պայմանագրերի գործողությունը, ներառյալ սպասարկման, դադարեցվել են»,-ասել է նա:

«Ոչ բանակցություններ կան, ոչ շփումներ: Եվ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի փոխվել այն ուղղությամբ, որը նշել է ՌԴ նախագահը»,-հայտարարել է Կոժինը, հայտնում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ` փետրվարի 1-5-ը նախատեսված էր մի խումբ ռուս դիտորդների թռիչքը Թուրքիայի տարածքի վրայով Բաց երկնքի վերաբերյալ պայմանագրի շրջանակում: Երբ ռուսական առաքելությունն արդեն Թուրքիայում էր և հրապարակեց նախատեսվող երթուղին, թուրք զինվորականները մերժեցին և թույլ չտվեցին դիտորդական թռիչքը` հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին: Մոսկվան Անկարայի այդ վարքագիծն աղաղակող համարեց և կարծիք հայտնեց, որ խոչընդոտելով դիտորդական թռիչքներին, Թուրքիան հասկացնում է, որ ինչ-որ բան է թաքցնում:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: ՌԴ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվեցին չարթերային թռիչքները դեպի Թուրքիա: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:Պուտինը մեղադրում է Թուրքիային ահաբեկիչներին աջակցելու մեջ: Ռուսաստանի ԱԳՆ-ն մտադիր է կուսումնասիրել Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը: