Բունդեսթագում Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի պատճառով հետաձգվել է

Բունդեսթագում Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի պատճառով հետաձգվել է

PanARMENIAN.Net - Դեռևս 2015-ից Գերմանիայի Բունդեսթագում գտնվող, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն փետրվարի 25-ին քննարկվել է Բունդեսթագում և հերթական անգամ դրա ընդունումը հետաձգվել է:

2015-ի մայիսին բանաձևի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգվել էր: Ցեղասպանության վերաբերյալ նախագծերը ներկայացրել են Գերմանիայի խորհրդարանի «Ձախերի» (Die Linke) և «Կանաչների» (Die Grüne) կուսակցությունները:

Գերմանիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ կայքի պատասխանատու, Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Վարուժան Բաբախանը իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով փետրվարի 25-ին Բունդեսթագում կայացած քննարկումներին, որոնց, ի դեպ, մասնակցում էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրել է.

«Քիչ առաջ ավարտվել է Գերմանիայի Բունդսթագում կանաչների կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը։ Քրիստոնյա-դեմոկրատ, Սոցիալ-դեմոկրատ և Քրիստոնեական միություն կուսակցությունները ժամկետի հետ համաձայն չէին, նշում էին, որ դա կվնասի մյուս շաբաթ Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովին»։

Նրա խոսքով՝ բոլոր կուսակցությունները միաձայն ընդունում էին Հայոց Ցեղասպանությունը, ոչ մեկը չէր ժխտում կամ տարակուսանք հայտնում, միայն թե ժամկետի հետ համաձայն չէին, Թուրքիայի հետ փախստականների հարցով ուզում են հասնել համաձայնության, գրում է Aravot.am-ը։

Քրիստոնյա-ֆդեմոկրատներն առաջարկել են բանաձևը քվեարկության չդնել և մինչև 2016 թվականի ապրիլ 24-ը (քիչ այս կամ այն կողմ) միասնական համաձայնության գալ և միասնական բանաձևը այն ժամանակ ավելի բարենպաստ վիճակում քննարկման դնել։

Բանաձևը քվեարկության չի դրվել, սակայն և չի մերժվել, այլ հետաձգվել է:

Սոցիալ-Դեմոկրատների կողմից առաջարկ է եղել Գերմանիայի արխիվները ցեղասպանության առումով թվայնացնել և ներառել համացանցում՝ թարգմանելով տարբեր լեզունների՝ անգլերեն, թուրքերեն, հայերեն: Այս փաստարկումներից հետո Բաբախանը ներկայացնում է իր անձնական կարծիքը. «Իմ անձնական կարծիքը սա է. ես դրական եմ համարում այսօրվա քննարկումը, թեկուզ անարդյունք, բայց իրականում որքան նման կառավարական մակարդակով քննարկումներ են լինում, այդքան հող է նախապատրաստվում ապագայում Հայության շահերի պաշտպանման համար»։

2015-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնութագրել էր որպես ցեղասպանություն: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրել՝ նախագծերը Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովին փոխանցել մասին:

Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը 2015թ. մարտին հետևյալ հայտարարությունն էր արել. «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածւ ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:

Իսկ «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, հիշեցնելով, որ հայոց զանգվածային ջարդերը ցեղասպանություն են որակել և Գերմանիայի նախագահը, և խորհրդարանի նախագահը, նշել է.

«Ցեղասպանություն իրականացրած երիտթուրքերը Սարիղամիշում թուրք զինվորներին էլ են ոչնչացրել: Երիտթուրքերն են կործանել Օսմանյան կայսրությունը: Հետևաբար, նրանց պաշտպանելն անիմաստ է: Յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն, թե ումից է ցանկանում օրինակ վերցնել»:

Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 21-ին ՔԴԴ/ՔՍԴ խմբակցությունների նիստի ընթացքում հայտնել էր, որ աջակցում է այն դիրքորոշմանը, որով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և տեղահանումների առնչությամբ կարելի է կիրառել ցեղասպանություն տերմինը: Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը մտավախություն էր հայտնել, որ Բեռլինի կողմից այդ տերմինի օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացի վրա:

Կարդացեք նաև՝ Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդումն ընդգրկվելու է Գերմանիայի ուսուցչական ուղեցույցում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---