14 նոյեմբերի 2002 - 22:05 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՎԵԲ-ՍԱՅԹԵՐ
Այսօր Երեւանում ներկայացվել են երկու համատեղ հայ-ադրբեջանական վեբ-սայթեր` www.dialogueazarm.com եւ www.dialoguearmaz.nt.am, որոնք ստեղծվել են Երեւանում եւ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունների ֆինանսական աջակցությամբ: Ինչպես հայտնել է սայթերից մեկի հեղինակ Հարություն Խաչատրյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «Հայ-ադրբեջանական երկխոսություն» ինտերնետ-նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի հետազոտողների համատեղ աշխատանքի առաջին փորձն է: Նրա խոսքերով, այս աշխատանքը «փորձում է հակազդել Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդների միջեւ թշնամության աճի քայքայիչ միտմանը»: Սայթերի վրա տեղադրված են նյութեր ղարաբաղյան հակամարտության նախապատմության եւ զարգացումների վերաբերյալ: Նախագծի շրջանակներում թողարկվել է նաեւ հայ-ադրբեջանական «Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակները. գաղափարներ եւ իրականություն» համատեղ բրոշուրը, որը լույս է տեսել ադրբեջաներեն, հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: