Օբաման հայտարարել է, որ պատրանքներ չունի Սիրիայում հրադադարի վերաբերյալ

Օբաման հայտարարել է, որ պատրանքներ չունի Սիրիայում հրադադարի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրանքներ չունի Սիրիայում հրադադարի վերաբերյալ, սակայն Վաշինգտոնը կնպաստի հրադադարի պահպանմանը:

Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին:

ԱՄՆ նախագահը նաև հորդորել է դադարեցնել մարտական գործողությունները Սիրիայում և խոստովանել է, որ տարաձայնություները ՌԴ և Իրանի հետ Սիրիայի նախագահ Ասադի հարցում պահպանվում են:

Օբաման ասել է նաև, որ «Իսլամական պետությունը» արդեն դժվարությունների առջև է կանգնել և խոստացել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հետապնդել ահաբեկիչներին, ուր որ լինեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե հրադադարը կյանքի կոչվի, իսկ դա շատ մեծ «եթե» է, մարտական գործողությունների դադարեցման արդյունքում կնվազի բռնությունը, կարիքավոր սիրիացիները ավելի շատ սնունդ և օգնություն կստանան: Դա կարող է մարդկային կյանքեր փրկել: Դա կարող է հանգեցնել նաև քաղաքական կարգավորման մասին բանակցությունների, որի արդյունքում կդադարեցվի քաղաքացիական պատերազմը և հնարավոր կլինի բոլոր ուժերը կենտրոնացնել ահաբեկիչների դեմ պայքարի վրա: Ուստի ԱՄՆ-ն ամեն ինչ կանի ավելացնելու համար մարտական գործողությունների կասեցման շանսերը»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Օբաման ասել է, որ առաջիկա օրերը կրիտիկական են լինելու և աշխարհն ուշադիր հետևելու է իրադարձությունների զարգացմանը:

Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Հրադադարը Սիրիայում պարտադիր չէ Թուրքիայի համար, եթե վերջինիս անվտանգությանը սպառնալիք առաջանա: ԱՄՆ Պետդեպն իր հերթին կրկին անդրադարձել է Սիրիայում «Բ պալնի» բովանդակությանը, որն ԱՄՆ ղեկավարությունն առաջարկել է Սիրիայում հրադադարի խափանման դեպքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---