Հայտնի պոլսահայ գրող Նիշանյանին մենախուց տեղափոխելու որոշումը չեղարկվել է

Հայտնի պոլսահայ գրող Նիշանյանին մենախուց տեղափոխելու որոշումը չեղարկվել է

PanARMENIAN.Net - Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայումս գտնվում է Թուրքիայի Սյոքե փակ ռեժիմի բանտում, կալանավայրի կարգուկանոնի խախտման մեղադրանքով դատապարտվել է 11 օրվա մեկուսի բանտարկության: Թուրքական «Demkokrathaber.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Նիշանյանն իր փաստաբանի միջոցով բողոքարկել է այս վճիռը, հայտնում է Ermenihaber-ը:

Բողոքը քննարկվել է փետրվարի 25-ին Սյոքեի ընդհանուր իրավասության վերաքննիչ դատարանում կայացած նիստի ժամանակ: Նիստին ներկա են եղել Նիշանյանի փաստաբանը և Իզմիրի «Մտքի ազատության ասոցիացիայի» 30 ներկայացուցիչ: Նիշանյանը նիստին չի բերվել, նա ցուցմունք է տվել հեռուստակամուրջի օգնությամբ:

Նիշանյանը մեղադրվել էր իր մոտ ապօրինաբար ինտերնետային կապ ապահովող մոդեմ և հիշողության կրիչ պահելու մեջ, որոնց օգտագործումը կալանավայրում արգելված է: Դատարանը չեղարկեց այս մեղադրանքի հիման վրա Նիշանյանի նկատմամբ սահմանված 11 օրվա մեկուսի դատապարտման որոշումը:

Միևնույն ժամանակ Նիշանյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ինչ-որ անհայտ նպատակի համար որպես կաշառք ոմն մեկին ավտոմեքենա և 10.000 թուրքական լիրա առաջարկելու վերաբերյալ: Այս մեղադրանքի մասով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 3-ին կայանալիք նիստի ժամանակ:

2014-ի հունվարի 2-ից հայ լրագրող ու լեզվաբան Սևան Նիշանյանը գտնվում է թուրքական բանտում: Նիշանյանն ազատազրկվել էր Իզմիրի Շիրինջի գյուղում իրեն պատկանող հողատարածքում ապօրինի շինություններ կառուցելու համար։ Այդ մեղադրանքով նա 11 տարի 1 ամիս ազատազրկման է դատապարտվել։

Լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Դատարանը նաև տուգանել է Նիշանյանին 160 լիրով և զրկել է նրան որոշ արտոնություններից: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից

Պատժի դաժանությունը դրդել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվիստներին ու ներկայացուցիչներին հավաքվել ու կազմավորել Սևան Նիշանյանի ազատության ու արդարության միջազգային կոմիտե:

2015թ. սեպտեմբերին Նիշանյանը Սուլթանհիսար բաց ռեժիմի բանտից տեղափոխել է Սյոքեի փակ ռեժիմի բանտ՝ կալանավայրի կարգուկանոնի խախտման պատրվակով: Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը» խախտելու մեղադրանքով ներկայումս գտնվում է փակ ռեժիմով բանտում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---