Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարը

Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարը

PanARMENIAN.Net - Երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի լույս 27-ի գիշերը` Դամասկոսի ժամանակով 12:00-ին:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Հրադադարն ուժի մեջ մտնելու նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ զգուշացրեց, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը կասեցնելու մասին խոսք լինել չի կարող: «Այն խմբավորումները, որոնք չեն հայտարարի հրադադարը պահապնելու պատրաստակամության մասին, բնականաբար, չեն լինի հրադադարի ազդեցության տակ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նույն դիրքորոշումը հաջորդ օրը հայտնեց նաև ՌԴ նախագահ Պուտինը:

Փետրվարի 25-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռիադ Աղան հայտնեց, որ հրադադարին համաձայն խմբավորումների քանակը գերազանցել է 100-ը և շարունակում է աճել:

Կոմիտեն առաջարկել է հրադադարի դիտարկումը հանձնարարել մի մարմնի, որը կստեղծվի այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» խմբի հիման վրա, որի կազմում են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, այլ երկրներ:

Հաշտեցման գործընթացն առավել հաջող է ընթանում այն շրջաններում, որտեղ ուժեղ են կառավարական զորքերի դիրքերը` Լաթակիա, Հոմս, Դերաա, Դամասկոս: Միևնույն ժամանակ, Ռաքքա և Իդլիբ գավառներում, որտեղ ուժեղ են իսլամիստական խմբավորումների դիրքերը, այդ ջանքերը զգալի արդյունք չեն տվել:

Զինված հակամարտությունը Սիրիայում սկսվել է 2011թ. մարտին, այդ ընթացքում ըստ ՄԱԿ տվյալների զոհվել է ավելի քան 220.000 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---