ՄՄԿ-ն հորդորում է Մոգերինիին ազատ մամուլի թեման Բաքու այցի ժամանակ առաջնային դարձնել

ՄՄԿ-ն հորդորում է Մոգերինիին ազատ մամուլի թեման Բաքու այցի ժամանակ առաջնային դարձնել

PanARMENIAN.Net - Մամուլի միջազգային կոմիտեի (ՄՄԿ) ղեկավար Ջոել Սայմոնը բաց նամակ է հղել ԵՄ փոխնախագահ և արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Ադրբեջան այցից առաջ:

Ուղերձում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանում ազատ մամուլի ծանր վիճակի վերաբերյալ: «Գրում եմ ձեզ, հիշեցնելու համար մամուլի ծանր վիճակն Ադրբեջանում և խնդրում եմ ազատ մամուլի թեման առաջնային դարձնել Բաքվում ձեր բանակցություններում»,-գրել է Սայմոնը, հայտնում է contact.az-ը:

Ուղերձի հեղինակը հիշեցրել է լրագրողների ձերբակալության փաստերը, ԶԼՄ-ների հետապնդումներն ու ճնշումներն Ադրբեջանում, որոնք աննախադեպ են դարձել վերջին երկու տարում: Մինչ այդ, արգելվել է հեռարձակումը BBC-ի, «Ազատության» տեղի ռադիոկայաններում, փակվել են մի քանի տեղական անկախ ԶԼՄ-ների գրասենյակներ, ինչպես, օրինակ, Obyektiv TV, Mediaforum և այլ:

2014-ին փակվեց Meydan TV առցանց ռեսուրսի գրասենյակն անվտանգության մարմինների սպառնալիքների պատճառով, որոնք հետապնդում են նրա թղթակիցներին: Մի քանի լրագրող ձերբակալվել է խուլիգանության, թմրանյութրի շրջանառության, չարաշաման և այլ շինծու մեղադրանքներով:

Այժմ առնվազն 8 լրագրող, ներառյալ Խադիջա Իսմայիլովային, մինչ օրս բանտում է: Չնայած բազմաթիվ դատավարական խախտումներին և ապացույցների բացակայությանը, դատարանները հրաժարվում են բավարարել լրագրողների բողոքարկումները:

Դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարեց, որ իր գերատեսչությունը պաշտոնական հետաքննություն է սկսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ:

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունը մամուլի ազատության գաղափարին, որ արտահայտել եք Մամուլի ազատության համաշխարհային օրը, և կոչ ենք անում օգտագործել այդ հնարավորությունը` պաշտպանելու համար ձերբակալված մեր գործընկերներին Ադրբեջանում:

Մասնավորապես, մենք խնդրում ենք օգտագործել փետրվարի 29-ին կայանալիք ձեր հանդիպումներն Ադրբեջանի պաշտոնյաների հետ` հաստատելու համար մամուլի ազատության կարևորությունը, կոչ անել այդ երկրի իշխանություններին առավել հանդուրժող մթնոլորտ ձևավորել, ինչպես նաև նշել, որ ԵՄ հետ Ադրբեջանի համագործակցությունը ենթադրում է խոսքի ազատության քաղաքացիների հիմնարար իրավունքի ապահովում: Այդ ճանապարհին շոշափելի քայլ կլիներ բանտերում գտնվող Ադրբեջանի 8 լրագրողների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն Ադրբեջանում»,-ասվում է ուղերձում:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

ԱՄՆ կոնգրեսական Սմիթը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ:

Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---